Պատերազմը նրանից շատ բան խլեց…

Պատերազմը նրանից շատ բան խլեց…

Նրան ամեն կիրակի կարելի է տեսնել Մայրավանքի բակում՝ ժամանակից շուտ ծերացած, մազափնջի մեջ նկատելի ճերմակով: Արեւից խանձված ու խորշոմներով ծածկված դեմքը գրեթե արտահայտություն չունի: Իսկ աչքերն անփայլ են ու տխուր: Կանացի շրջազգեստ երբեք չի կրում: Տարվա բոլոր եղանակներին զինվորական համազգեստով է՝ տաբատի մի փողքը ծնկից վերեւ ծալած: Հենակները թեւի տակ՝ երկար նստում է Աստծո տան պատերի տակ եւ լուռ հայացքով հետեւում աղոթատուն մտնող-դուրս եկողներին:
Արցախյան պատերազմի մասնակից, ազգությամբ եզդի Ասյա Խաթոյանն է, որն իր երիտասարդությունը նվիրեց հայոց ազատագրական պայքարին: Չնայած աղջկական լուսավոր ու անմեղ երազներ ուներ, բայց չտրվեց դրանց, չփորձեց գնալ երազանքների ետեւից:



Դպրոցը նոր-նոր էր ավարտել, երբ սկսվեց արցախյան պատերազմը: Իր նախնիների՝ Ջհանգիր աղայի եւ Ուսուբ բեկի արյան եռքն զգաց երակներում եւ ինքն էլ չիմացավ, թե ինչպես հայտնվեց պատերազմ մեկնող կամավորների խմբում: Կենաց-մահու պայքարին կամավորագրվելու որոշումն ավանդապահ ծնողները թեեւ սվիններով ընդունեցին, բայց աղջիկը դրանից չընկրկեց, որովհետեւ արդեն երդվել էր: «Մեր տան ամենափոքրն էի: Մերոնք դեմ էին, որ Ղարաբաղ գնայի, բայց ես որոշումս կայացրել էի, եւ ոչինչ ինձ ետ պահել չէր կարող: Ամենածանրը մայրս տարավ: Նա նույնիսկ պատերազմից վերադառնալուց հետո երկար ժամանակ հետս չէր խոսում»:



Թեեւ պատերազմը տղամարդկանց մարտաբեմ է, բայց 18-ը նոր-նոր բոլորած աղջնակը կարողացավ այն նաեւ իրենը դարձնել: Չվախեցավ, չընկրկեց, չշփոթվեց անգամ իրենից կարճ տարածության վրա պայթող ռումբերի ձայնից: «Կռիվ էր, ամեն ինչ տեսանք: Կյանքն ու մահը կողք կողքի էին: Քարվաճառի ամենաթեժ մարտերից մեկի ժամանակ կորցրի ոտքս, բայց տուն չեկա: Ինքս ինձ խոստացա մնալ ու շարունակել պայքարը: Չնայած ինքս էլ ծանր վիրավոր էի, բայց ոչ այն աստիճան, որ զինվորներին վիրակապել չկարողանայի: Մտածում էի՝ ես մարդկանց կռվի դաշտում եմ պետք, իսկ տունդարձով ինձ իրոք հաշմանդամ կզգամ»:



Իր մարտական ընկերներց շատերի մահն է տեսել Ասյա Խաթոյանը: Բոլորի հետ «զոհվել» ու բոլորի նման անմահացել է: «Ընկերներիցս շատերն ընկան, շատերն էլ ինձ նման հաշմվեցին: Բայց հաղթանակը սրբացրեց նրանց թափած արյունն ու նրանց անունը»:
Արցախյան պատերազմը եզդի կնոջից շատ բ ան «խլեց» ու շատերին «խլեց», բայց դա էլ չվհատեցրեց նախկին ազատամարտիկին:



Պատերազմից հետո թեեւ զորամասերից մեկում կապավորի աշխատանք են տվել, բայց երեք տարի անց ազատել են: Գրեթե քսան տարի է՝ գործազուրկ է: Գոյատեւում է 90 հազար դրամ հաշմանդամության թոշակով: «Վարձով եմ ապրում, միայն 60 հազար դրամ տան վարձ եմ տալիս: Դժվար է գոյատեւելը, տանջվելով ապրում եմ, բայց հույսս չեմ կտրում: Պաշտպանության նախարարը խոստացել է աշխատանքիս հարցը լուծել. երեւի մինչեւ օգոստոս կաշխատեմ: Եթե կարողանամ բնակարան էլ ձեռք բերել, ինձ լիովին բավարարված կզգամ»:



Անսեր ու անընտանիք մնացած կինը, որ մորը կորցնելուց հետո է միայն զգացել միայնության դառնությունը, մի բան է հիմա երազում՝ որ այլեւս երբեք զենքերը չկրակեն, որ որեւէ մեկը պատերազմին կամավորագրվելու առիթ չունենա… Ահա՝ այս երազանքի իրականացման համար է նա ամեն կիրակի աղոթատուն գնում եւ Բարձրյալին խնդրում, որ լույսի մեջ պահի իր մարտիրոսված ընկերների հոգիները:



Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ