«Տարոն, սիրուն չի» խոսքը դարձավ նախադեպ, սպասում են «Բիբին, սիրուն չի» խոսքին

«Տարոն, սիրուն չի» խոսքը դարձավ նախադեպ, սպասում են  «Բիբին, սիրուն չի» խոսքին

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները համոզված են, որ Էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացումը կարող են կանխել երկրի նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Նրանք մի խոսքով կարող են լուծել ամիսներ շարունակ ձգվող խնդիրները: Սերժ Սարգսյանի «Տարոն, սիրուն չի» խոսքը դարձավ նախադեպ, որ Մաշտոցի պուրակում չդրվեն բուտիկներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ` Մաքսիմ Սարգսյանը: Նախաձեռնությունը հունիսի 19-ին մեծ հավաք և երթ է հրավիրում և օրը համարում է պահանջատիրության օր: «Նախորդ երթով մենք ցույց տվեցինք, որ պայքարում ենք, իսկ այս երթով ցույց ենք տալու, որ տեր ենք մեր պայքարին և չենք նահանջելու»,-ասաց Մաքսիմ Սարգսյանը: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Լևոն Զաքարյանն էլ ասում է, որ իրենք քննարկելու որևէ բան չունեն, կառավարության հետ իրենք պահանջ են ներկայացրել և ամեն ինչ անելու են, որ այն իրագրոծվի։



«Մենք չենք նահանջելու և շարունակելու ենք մեր պայքարը, մինչև հասնենք մեր ուզածին»,-ասաց նա: Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված քննարկումը փակ է անցկացվելու, որովհետեւ շատերը այն շոուի կվերածեն, Լևոն Զաքարյանը նշեց, որ իրենք պատրաստ են շոուների, և ԱԺ-ում միշտ էլ շոուներ են լինում: Ի դեպ, այսօրվա ասուլիսի մասնակիցներն էլցանցերի տնօրենին խոստացան թարգմանված տրամադրել այսօրվա ասուլիսի ձայնագրությունը՝ առանց գումարի, քանի որ թարգմանվելու դեպքում ծախսերը մի քանի միլիոնով կավելանան: