Ռիչարդ Միլզը հայ կանանց՝ բարձրաձայնեք խոչընդոտները, որից տուժում եք

Ռիչարդ Միլզը հայ կանանց՝  բարձրաձայնեք խոչընդոտները, որից տուժում եք

Հայաստանում առաջին անգամ անցկացվող Կանանց ձեռներեցության երևանյան շաբաթը բացվել է։ Երևանյան շաբաթի շրջանակներում Կոմիտասի Թանգարան-Ինստիտուտում տեղի ունեցավ կին ձեռներեցների համաժողովը։ Բացման խոսքով պետք է հանդես գար վարչապետ Հովիկ Աբրահամյանը, բայց նա զբաղվածության պատճառով
չկարողացավ ներկա գտնվել, փոխարենը բացման խոսքը վստահեցին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին. «ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է երկրի սոցիալ -տնտեսական զարգացման գործում կանանց դերը, ինչպես նաև խրախուսում է նրանց։ Այս միջոցառումը շատ մեծ խթան և լավագույն օրինակ կլինի այն կանանց համար ովքեր դեռևս նոր են սկսում զբաղվել ձեռներեցությամբ»։



Գաբրիելյանն ասաց, որ կին գործարարների խնդիրները մշտապես գտնվում են իրենց ուշադրության կենտրոնում և կառավարությունը քայլեր է իրականացնում այդ խնդիրների լուծման ուղղությամբ։ «Վիճակագրական տվյալները փաստում են, որ գործարար կանայք հիմնականում զբաղվում են փոքր և միջին ձեռնարկատիրությամբ, և բոլոր կին գործարարները ովքեր ցանկություն կունենան ավելի խորացնել իրենց բիզնեսը․ ովքեր կցանական գործարարությամբ զբաղվել պետության կողմից աջակցություն կլինի»,-ասաց Գաբրիելյանը։



Այս համաժողովի նպատակն է՝ նպաստել Հայաստանի և արտերկրի կին ձեռներեցների ու գործարարների միջև կապերի ստեղծմանը և համագործակցության ամրապնդմանը, նպաստել Հայաստանում կանանց ձեռներեցության խթանմանը։ Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը հույս ունի, որ կառավարությունը կին գործարարների համար այնպիսի միջավայր կստեղծի, որը կխրախուսի մարդկանց և նրանք կմտածեն իրենց գաղափարները վերածել շահութաբեր ինչ որ բանի։ «Պետք է ձեռներեցության ոլորտում լինեն հստակ կանոններ և կիրառվեն հավասարապես բոլոր գործարար մարդկանց նկատմամբ։ Դուք բոլորդ պարտավոր եք բարձրացնել այն խոչընդոտները, որոնց պատճառով դուք տուժում եք։ Ձեր նման գործարարները պետք է ծառայեն հասարակությանը, որպես ձեռներեցներ, դուք ոչ միայն տնտեսական աճ եք ապահովում, դուք նաև փոփոխության կրողներն ենք»,-ասաց Ռիչարդ Միլզը ։



ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը համոզված է, որ կանացի դեմքով բիզնեսը ավելի արդյունավետ է երկրի համար։ 



Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովին «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության  նախագահը Լիլիթ Ասատրյանն էլ ասաց, որ համաժողովից զատ կունենան նաև կանանց կողմից արտադրված ապրանքների ցուցահանդես վաճառք, գեղանկարների ցուցահանդես․ «Համաժողովի ավարտից հետո մեր գործընկերների հետ նախատեսում ենք պատրաստել կանանց ձեռներեցության ազգային զեկույց, ուր կարտացոլվի կանանց ձեռներեցության ոլորտում ինչպես առկա իրավիճակը, այնպես էլ զարգացման հեռանկարները»։