Շիզոֆրենիկ տղան 2000 դոլար է պահանջում Ճոյտից

Շիզոֆրենիկ տղան 2000 դոլար է պահանջում Ճոյտից

Հակոբ Հակոբյանը (Ճոյտը) Hraparak.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքն անձամբ զանգահարել է ոստիկանություն և ասել, եթե իրեն և որդուն փնտրում են, ապա իրենք կարող են գնալ ոստիկանություն։ Հիշեցնենք, որ Shamshyan.com-ի տեղակացմամբ, հունիսի 6-ին, Վաղարշապատի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ գլխուղեղի ցնցում` (հարցականով) ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ` էջմիածին քաղաքի Մայիսյան փողոցի բնակիչ, 38-ամյա Պարույր Թորոյանը, ով հայտարարել է, որ Զվարթնոց թաղամասից դեպի Նորակերտ գյուղ ընկած ճանապարհահատվածում վիճաբանություն է տեղի ունեցել իր և 52-ամյա Հակոբ Հակոբյանի, ինչպես նաև 22-ամյա Արայիկ Հակոբյանի միջև, որի ժամանակ Հակոբյանները ծեծի են ենթարկել իրեն:



«Մենք որևէ մեկին չենք ծեծել, այդ տղան վատացավ ընկավ գետնին, մենք մեր համար մի քանի հոգով կանգնած էինք, որ տեսանք ընկավ, վազելով մոտեցանք, որ օգնություն ցույց տանք, լեզուն էի դուրս բերում, որ կուլ չտար, շրթունքը արյունոտ էր ձեռքս արյունոտվեց։
Հետո էլ տղաներից մեկն ասաց, որ ճանաչում է և այս տղան շիզոֆրենիկ հիվանդություն ունի ու մի քանի րոպեից կանցնի։ Երկու րոպե տևեց և տղան ուշքի եկավ, նստեց տրակտորը քշեց ու գնաց։ Հետո անցնում է երկու օր, ոստիկանությունը հայտարարություն է տալիս, որ իրեն ծեծել ենք։ Այդ օրը, որ աչքերը բացեց իրա գլխի ետևում մենք էինք կանգնած՝ կարողա աչքերը բացել մեզ ա տեսել ու ենթադրել, որ իրեն ծեծի ենք ենթարկել։ Ինքը ոչ իմ աշխատողն է եղել, ոչ անուն գիտեմ, ոչ գիտեմ ովա, գիտենք, որ եկել էր տրակտորով աղբը մաքրելու համար»,-ասաց Հակոբյանը։



Նա տեղեկացրեց, որ Պարույր Թորոյանի կինը հիվանդ է և հիմա կնոջը բուժելու համար իրենից 2000 դոլար գումար են ուզում․ «Թե ինչի համար պետք է գումար վճարեմ, չեմ հասկանում։ 10 հոգի մարդ է եղել կանգնած և բոլորը կարող են ասել, որ մենք ոչ մեկին չենք ծեծել»։