ՀԷՑ-ն էլ, ՀԷՑ-ատերն էլ

ՀԷՑ-ն էլ, ՀԷՑ-ատերն էլ

Բայազետը պաշարված էր… վայ, ներողություն: Երեւանը պաշարված էր: Հայ գյուղացիների ապստամբ խմբերը բոլոր կողմերից եկել, քաղաքի մերձակայքը բռնել էին եւ պահանջում էին չթանկացնել էլեկտրաէներգիան: Արարատյան թեմի առաջնորդի հրամանով զօրուգիշեր հնչում էին քաղաքամայր Երեւանի եկեղեցիների զանգերը, որոնք երեւանցիներին կոչ էին անում ոտքի կանգնել հանուն ՀԷՑ-ի եւ ՀԾԿՀ-ի ազգափրկիչ հաշվարկների, ըստ որոնց` էլեկտրաէներգիան թանկանալու էր ընդամենը, ա՜խ, ընդամենը 6,9 դրամով, իսկ գյուղացիները դա չէին ընդունում:



Բայց այնպես էլ չէր, որ երեւանցիներն ընդունում էին: Այդուհանդերձ, հակառակորդը զինված էր մինչեւ ատամները` փոցխով, եղանով, գերանդիով, նույնիսկ ոչխար խուզելու մկրատները (որոշ բարբառներում` ղռլեխ) չէին մոռացել, որովհետեւ գյուղապետերից մեկը հայտարարել էր, որ Երեւանում ոչխար շատ կա:



Երեւանի կողմից բաց էր միայն «Կյանքի ճանապարհը»` Երեւան-«Զվարթնոց» խճուղին, որտեղ ասեղ գցելու տեղ չկար: Երեւանցիները հազարներով լքում էին օրհասի մեջ հայտնված քաղաքը, որը` ոտքով, որը` սայլով, օլիգարխները` ջիպով, հարկայինի աշխատակիցները` «ուդոյով»… Փրկվում էին: Ոստիկանությունն ամեն ինչ անում էր, որ այդ ճանապարհին կառավարության անդամների առջեւ խոչընդոտներ չստեղծվեն: Մինիստրներին, իրենց բարեկամներով, տարհանում էին սիրենաները միացրած:
Այս իրարանցման մեջ ստեպ-ստեպ լուրեր էին տարածվում, թե այսինչ գյուղի ջոկատը, ճեղքելով քաղաքի պաշտպանությունը, ներխուժել է այսինչ արվարձանը. Աղի հանքն ընկավ (Առինջի ուղղություն), Նորագավիթը տվեցինք (Արարատ-Մասիս), Ջրվեժն իր ռեստորաններով այլեւս մերը չէ (Գառնի)…



Օհանյանը… ներողություն, Օհանավանը, Ուշին, Կարբին եւ Փարպին փակել են դեպի Գյումրի եւ Վանաձոր տանող ճանապարհները, իսկ այդ գյուղերի ջոկատները, անցնելով Աշտարակի մեծ կամուրջը, հասել էին «Կվարտալ» եւ սպառնում էին Բանգլադեշով իջնել ու փակել կառավարական ուժերի վերահսկողության տակ մնացած «Կյանքի ճանապարհը»:
Փախեփախը կատարյալ էր, Երեւանի գրավումը` ժամերի հարց:



Խոսք կար, որ Հայաստանի մյուս մայրաքաղաքից` Ստեփանակերտից, օգնական ուժեր են գալու: Գորիսում նրանց պետք է միանար հանրահայտ մարզպետի զորախումբը, եւ միասին արշավեին Երեւանին օգնության: Բայց օգնությունն ուշանում էր: Ավելի ուշ սուրհանդակներ եկան՝ վատ լուրերով: Ստեփանակերտի գունդը Բերձորում հարձակման էր ենթարկվել քաղաքացիական հագուստով իրավապահների կողմից, ովքեր անցել էին գյուղացիների կողմը, իսկ Գորիսում էլ մարզպետի զորաբանակը ներքաշվել էր ներքին կռիվների մեջ ու մոռացել Երեւանի գոյության մասին:



Մայրաքաղաքի փրկությունը կախված էր մազից, ավելի ճիշտ` հոսանքի սակագնից:
Եվ այս իրավիճակում էր, որ տակավին Երեւանում մնացած ՀՀ վարչապետը միայնակ նիստ գումարեց եւ որոշեց փրկել Երեւանը, այն է` հոսանքը չթանկացնել: