«Արմենիա» TV-ի նոր շոուն՝ «Մուրացկանատեսիլ»

«Արմենիա» TV-ի նոր շոուն՝ «Մուրացկանատեսիլ»

«Արմենիա» հեռուստատեսությունը անցել է բոլոր սահմանները: Այնքան, որ ստանձնել է պետական կառույցների լիազուրություններ: Սույն TV-ն իր հայեցողությամբ ջոկում է ընչազուրկ ընտանիքներին, բերում եթեր և լուծում նրանց սոցիալական խնդիրները: Այլ պետության մեջ, այլ խոսքով սրան ամենաթողություն են ասում, իսկ Հայաստանում, ավելի ճիշտ «Արմենիայի» եթերում դա կոչվում է, բռնվեք, որ չընկնեք, «բարեգոծական հեռուստամարաթոն», այսինքն, հացի կարոտ մարդկանց մինչև վերջ ստորացնելու, հասարակության առաջ հրապարակավ նսեմացնելու, նրանց լացելու, աղերսելու, մուրացկանություն անելու որակները ցուցադրելու շոու:



Եթե լսեենք «Արմենիայի» բացատրությունը, ապա «Հայի աչքեր» հաղորդաշարը (այդպես է կոչվում վայ-բարեգործական այս հեռուստաշոուն) կոչված է լուծում տալու անլուծելի դարձած և շատ հայ ընտանիքների հուսահայտության ու ծայրահեղության հասցրած խնդիրներին: Յուրաքանչյուր շաբաթ ներկայացվելու է երկու հայ ընտանիքի պատմություն, իսկ հեռուստադիտողներն ընտրլու և օգնելու են իրենց հերոսին՝ կարճ հաղորդագրությունների միջոցով:



Ուրիշ բառով, քան «կայֆ բռնել» չես անվանի այս մտահղացումը: Ես, տանը նստած, SMS հաղորդագրությամբ պետք է որոշեմ իմ կարծիքով հաղթողին, այսինքն, ամենաաղքատին, ամենալավ լաց լինողին, ամենահամոզիչ մուրացողին, որին «Արմենիան» է հրավիրել տաղավար: Փաստորեն, «Եվրատեսիլի» պես մի բան է: Կարելի էր մրցույթ սահմանել նաև «հեռուստադիտողի համակրանք», «ավելի ծակ շալվար», «դարի ցնցոտի», «անկրկնելի լաց» անվանակարգերում և լրացուցիչ SMS-ներ կորզել:



Իսկ ո՞վ է ասել, որ հայի աչքերը հենց այն աչքերն են, որ «Արմենիան» է պատրաստվում ցուցադրել՝ շաբաթը երկու ընտանիք բերելով տաղավար: Հայը, ինչ է, պետք է անպայման ասոցացվի աղքատի, ողբացողի, խնդրողի, մուրողի կերպարի հե՞տ: Ո՞վ ասաց, որ հայի աչքեր չեն մեր մուլտիմիլիոնատերերի, ցմփոր պատգամավորների, դատարկագլուխ նախարարների, երկու էշի գարի ջոկել չկարողացող կառավարության մյուս անդամների աչքերը: Իսկ գուցե «Արմենիայի» ղեկավարների ու հաղորդավար-հաղորդավարուհիների աչքե՞րն են չինացու աչքեր:  



Ի՞նչ սկզբունքով են ջոկելու ամենաաղքատներին ու կարիքավորներին. աչքաչափո՞վ: Շատ ներողություն, բայց այս հաղորդումը կարող է լավ բիզնես դառնալ որևէ մեկի մտերիմ շրջանակի համար: Կարելի է այստեղ լավ գրիմ արած դերասանների ներգրավել, ովքեր այնպես մուրացկան կխաղան, որ հռչակավոր մուրացկաններն էլ կնախանձեն:



Հեյ գիտի Տիգրան Կարապետիչ: «Արմենիան» քայլում է քո տրորած արահետով՝ «տելեվիզոր» ու «էպիլյատոր» է նվիրելու, հնարավոր է՝ հեծանիվ, նաև փող, եթե հեռուստադիտողը կարճ SMS ուղարկի լացող մասնակցի համարին:



ՀՀ նախագահը, վարչապետը, սոցապնախարարը, մյուս պատկանները, «Հայի աչքեր»-ի առաջին իսկ թողարկումից հետո պարտավոր էին հրաժարական տալ ու գնալ իրենց գործին, որովհետև սա հերթական ապացույցն է մեր երկրում սոցիալական ծանր պայմաններում ապրող մարդկանց խնդիրների անտեսման, նրանց իսպառ մոռացության տալու: Սա՞ է ապահով Հայաստանը, որտեղ ինձ արդեն հեռուստացույցով են մուրացկան ցույց տալիս և խնդրում, որ հեռախոսով փող ուղարկեմ: Ո՞ւր է պետությունը: Եթե «Հայի աչքեր» շոուի առաջին ու հետագա հերոսները մեր պետության քաղաքացիները չեն, ապա այդպես էլ ասեք: Մենք՝ մնացած հայերս, նրանց համար ավտոբուսի տոմս կառնենք որ քոչեն, հեռանան դեպի այն երկրներ, որտեղ նրանց երեսին նայող կլինի: