«Մարիլա» ընկերությունում տեղյակ չեն, որ իրենց արտադրությունը կասեցվել է

«Մարիլա» ընկերությունում տեղյակ չեն, որ իրենց արտադրությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ «Մարիլա» ՍՊԸ պաստերացված կաթի և մածունի արտադրությունը կասեցվել է։ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձաքննության համաձայն՝ «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ում արտադրված պաստերացված կաթ 3,2 % (1լ) և մածուն 3,2% (0.5կգ) արտադրատեսակները ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանել«Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման պահանջներին»։ Չնայած հաղորդագրության մեջ տեղեկություններ կան այն մասին, որ ընկերությանը հանձնարարվել է իրացման կետերից և պահեստից հետ կանչել, օգտահանել կամ ոչնչացնել նշված խմբաքանակները, այնուամենայնիվ «Մարիլա» ընկերությունում դեռ տեղյակ չեն, որ իրենց մածունն ու կաթը հայտարարել են «անհամապատասխան»։ Խոսեցինք «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրեն Արշակ Ուստավաշյանի հետ․ «Մենք դեռևս այդպիսի որոշում չենք ստացել։ Եթե դուք տեղեկացված եք, կարծում եմ, որ նոր տեղեկություն ստանալու հիմք չկա։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես նման տեղեկատվություն չեմ ստացել։ Նման որոշում չենք ստացել»։ Այսինքն շարունակում ե՞ք արտադրությունը․ «Թե ինչ եմ շարունակում դա իմ խնդիրն է, ես ասում եմ, որ կասեցման վերաբերյալ որոշում չեմ ստացել ես։ Երբ կասեցման վերաբերյալ որոշում ունենամ կպատասխանեմ»։ «Մարիլա» ՍՊԸ-ն համարվում է Մաքսիմ Հակոբյանի սեփականությունը։



Ընկերությանը հանձնարարվել է մինչև հուլիսի 7-ը վերացնել խախտումները՝  պաստերացված կաթ 3,2 % (1լ) և մածուն 3,2% (0.5կգ) արտադրատեսակների արտադրությունը համապատասխանեցնել տեխնիկական կանոնակարգի պահանջներին: