Իրան կայցելի Ֆրանսիայի ԱԳՆ-ն

Իրան կայցելի Ֆրանսիայի ԱԳՆ-ն

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը չորեքշաբթի կուղևորվի Թեհրան, որտեղ հանդիպում կունենա Իրանի նախագահ Հասան Ռուհանիի, արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի և մի շարք նախարարների հետ՝ հայտնում է RIA Novosti-ն։
Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ խոսքը վերջին 12 տարում առաջին անգամ ֆրանսիական դիվանագիտության ղեկավարի՝ Իրան այցի մասին է։
«Այցը թույլ կտա վերսկսել Ֆրանսիայի և Իրանի միջև քաղաքական երկխոսությունն ամենաբարձր մակարդակով։ Այն կդառնա առիթ՝ քննարկելու ֆրանս-իրանական հարաբերությունների բոլոր առանցքային կետերը՝ ներառյալ տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Փարիզում ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի նպատակները»,- ասվում է հայտարարության մեջ։
Փորձագետները կարծում են, որ այցի ընթացքում հիմնական հարցերից մեկը կդառնա Փարիզի և Թեհրանի տնտեսական հարաբերությունների վերագործարկումը, քանի որ մինչ պատժամիջոցների սահմանումը Ֆրանսիան եղել է իրանական շուկայում խոշորագույն օտարերկրացի խաղացողներից մեկը։