Չինաստանում անցկացվել են Հայաստանի մշակույթի օրեր

Չինաստանում անցկացվել են Հայաստանի մշակույթի օրեր

«Հայաստանի Հանրապետության մշակույթի նախա­րա­­րության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2012-2016 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագրի շրջանակում՝ հուլիսի 21-25-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում անցկացվել են Հայաստանի մշակույթի օրեր: Միջոցառումների բացումը տեղի է ունեցել հուլիսի 22-ին, Պեկինի Տյանցյաո թատրոնում: Ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանի և Չինաստանի մշակույթի նախարարներ Հասմիկ Պողոսյանը և Լուո Շուգանը: Գալա-համերգին հայկական երգն ու պարը ներկայացրեցին «Բերդ» պարի անսամբլը և «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազ համույթը: Մշակույթի օրերի շրջանակում հայաստանյան ստեղծագործական խմբերը՝ հուլիսի 23-ին հանդես եկան նաև Շանդուն նահանգի Ցզինան քաղաքի՝ Մեծ թատրոնում:



Չինաստանում Հայաստանի մշակույթի օրերի միջոցառումներին ներկա էին Չինաստանում հավատարմագրված դիվանագետներ, մտավորականներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Մշակույթի օրերի շրջանակում, Պեկինի «Կանանց և երեխաների» թանգարանում բացվեց Լուսիկ Ագուլեցու աշխատանքների ցուցահան­դեսը. ներկայացված էին ազգային տարազներ, զարդեր, ծիսական ծառեր, տիկնիկներ, խաչբուռներ և այլն: Ցուցադրությունն ուղեկցվում էր Հայաստանի մասին պատմող ֆիլմերով և ազգային երաժշտության կատարումներով:Չինաստան կատարած այցի ընթացքում նախարար Հ. Պողոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չինաստանի արտասահամանյան երկրների հետ մշակութային կապերի ընկերություն՝ հանդիպել կազմակերպության ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել համագործակցությունը երկու երկրների մշակութային պատվիրակությունների փոխայցելությունների և արվեստագետների փոխանակումների ձևաչափով, ինչպես նաև շարունակել աշխատանքները Հայաստանի և Չինաստանի միջև քույր-քաղաք­ների համալրման ուղղությամբ:



Պեկին կատարած այցի շրջանակում կայացել է ՀՀ և ՉԺՀ մշակույթի նախարարների հանդիպումը: Քննարկվել են երկկողմ մշակութային համագործակցությանն առնչվող տարաբնույթ հարցեր, նախանշվել՝ առաջիկայում իրականացվելիք համատեղ ծրագրերը: Այս համատեքստում, նախարար Հ. Պողոսյանը տեղեկացրել է գործընկերոջը, որ հայաստանյան արվեստագետներն առաջիկայում կմասնակցեն Պեկինի բիենալեին, ներկայացնելով իրենց տաղավարը՝ համահունչ բիենալեի «Հիշողություն և երազանք» խորագրին: Անդրադառնալով Մետաքսի Մեծ ճանա­պարհին, ՀՀ մշակույթի նախարարը նշել է, որ նախորդ տարի Հայաստանում անցկացվել է «Երաժշտական երկխոսություն Մետաքսի ճանա­պար­հին» խորագրով փառատոնը և առաջարկել առաջիկայում ևս համատեղ մշակել և իրականացնել նմանատիպ ծրագիր: Նախարար Լուո Շուգանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել այս նախագծի շուրջ և նշել, որ Մետաքսի մեծ ճանապարհին Հայաստանը իրապես հանդիսացել է այն կապող օղակը, որը հնարավորություն է տվել չինացիներին ճանաչելու և հարաբերվելու (թե տնտեսապես, թե մշակութային փոխներթափանցման առումով) Եվրոպայի հետ: Հանդիպման ավարտին, նախարար Պողոսյանն իր գործընկերոջը հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու 2016 թ. Հայաստանում կայանալիք Չինաստանի մշակույթի օրերի բացման արարողությանը և ստորագրելու համագործակցության գործնական ծրագիր առաջիկա տարիների համար:Չինաստանում Հայաստանի մշակույթի օրերի միջոցառումներին և հանդիպումներին ներկա էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ա. Սարգսյանը: