911 եւ 112՝ Կոտայքի մարզում

911 եւ 112՝ Կոտայքի մարզում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի` Կոտայքի մարզում գտնվող բաժանորդները 911 եւ 112 հեռախոսահամարներին զանգահարելիս այժմ կմիանան ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման մարզային կենտրոններին: Նոր համակարգը գործարկվել է վերոնշյալ մարզում հաջողությամբ փորձարկվելուց հետո: Նախկինում 911 հեռախոսահամարով մարզերի բնակիչները միանում էին ՀՀ ՏԿԱԻՆ՝ Երեւանում գործող Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին, որտեղից արտակարգ իրավիճակի կամ պատահարի մասին տեղեկությունը փոխանցվում էր համապատասխան մարզային կենտրոն:
Ավելի վաղ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ՀՀ ՏԿԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման մարզային կենտրոններին ուղիղ միանալու հնարավորություն էր ընձեռել Վայոց Ձորի, Արագածոտնի, Լոռու, Արարատի, Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի եւ Արմավիրի մարզերում գտնվող իր բաժանորդներին:



Կոտայքի մարզով ավարտին հասցվեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ ՀՀ ՏԿԱԻՆ-ի կողմից իրականացվող համատեղ ծրագիրը: Կատարված աշխատանքների արդյունքում այժմ բոլոր մարզերում բջջային սարքերից 911 եւ 112 անվճար հեռախոսահամարներին ստացվող զանգերը վերահասցեավորվում են դեպի համապատասխան մարզի՝ արտակարգ իրավիճակների ճգնաժամային կառավարման կենտրոն, ինչի շնորհիվ մարզերում էականորեն կկրճատվի գրանցված արտակարգ իրավիճակներին արձագանքելու ժամանակը: