Այսօր կամ վաղը սպասվում է Արդարադատության նախարարի նշանակում

Այսօր կամ վաղը սպասվում է Արդարադատության նախարարի նշանակում

Նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնեցին, որ այսօր կամ վաղը արդարադատության նախարար կնշանակվի: Ինչպես արդեն հայտնել ենք՝ պաշտոնի հիմնական հավակնորդը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանավորյալ ԱԺ երիտասարդ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն է: Սկզբնապես հավանական թեկնածուներ էին դիտարկվում նաեւ Սամվել Ալեքսանյանի փեսա՝ պատգամավոր Կորյուն Նահապետյանը, ինչպես նաեւ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը, բայց վերջնական ընտրությունը կանգ է առել Արփինե Հովհաննիսյանի վրա: Ուշագրավ է, որ Կառավարության հինգշաբթի օրը կայանալիք նիստը տեղափոխվել է երեքշաբթի: Նման փոփոխության պատճառները մի քանիսն են: Նախագահի արձակուրդից վերադառնալուց հետո օրերս արձակուրդ կմեկնի նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա արձակուրդում կլինի 10 օր եւ այն անց է կացնելու արտերկրում: Սա նշանակում է, որ արդարադատության նախարարի նշանակումը պետք է հասցնել մինչեւ վաղը, որպեսզի Կառավարության նիստում այն հաստատվի եւ վարչապետը կարողանա մեկնել արձակուրդ: Այլապես, եթե այսօր կամ վաղը նշանակում չլինի, այն կմնա արդեն սեպտեմբերին, իսկ սահմանադրական բարեփոխումների այս փուլում արդարադատության նախարարի բացակայությունը բավականին խնդիրներ է առաջացնում: Հիշեցնենք, որ Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանին պաշտնանկ են արել հուլիսին՝ արձակուրդի ժամանակ: Նրա պաշտոնանկության պատճառը սեքս-սկանդալն է եղել, որի մասին պաշտոնյաները խուսափում են խոսել: