«Ոչ»-ի ճամբարը Ա և Բ պլաններ է մշակում

«Ոչ»-ի ճամբարը Ա և Բ պլաններ է մշակում

Միասնական փաստաթղթի ստորագրումից հետո «Ոչ»-ի ճակատը մշակում է սահմանադրական փոփոխությունները տապալելու ծրագրերը, հաղորդում է «Ազատությունը»:



«Չեք անցկացնի» նախաձեռնությունը, որը միասնական «Ոչ»-ի շուրջ է միավորել քաղաքական ու հասարակական ուժերին, այժմ պայքարի երկու տարբերակ է քննարկում։ Նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ տարբերակներից մեկով Սերժ Սարգսյանի նախաձեռնած գործընթացը պետք է տապալեն մինչ հանրաքվեն՝ փողոցային պայքարի միջոցով․ - «Ցույցին ենք նախապատրաստվում Գյումրիում ու նաև փորձելու ենք ցույցեր կազմակերպել Ազգային ժողովի դիմաց, որը ևս շատ կարևոր է»:



Երկրորդ տարբերակով էլ «Ոչ» ասող ուժերը պետք է հանրաքվեի գործընթացին մասնակցեն և հիմնավորեն իրենց դիրքորոշումը։ Այս նպատակով արդեն 20 իրավաբաններից կազմված խումբ է ստեղծվել, որը «Ոչ»-ի հիմնավորման փաստաթուղթ է ստեղծելու։ Բացի «Ոչ» քարոզելուց, նաև հսկելու են հանրաքվեի ընթացքը: Այդ նպատակով ստեղծվելիք դիտորդական խումբը փորձելու է կանխել հնարավոր խախտումները։