Ատոմակայանի գործով նախաքննությունը ձգձգվում է

Ատոմակայանի գործով նախաքննությունը ձգձգվում է

Մեկ տարի առաջ ՀԱԷԿ ՓԲԸ-ում խոշոր ֆինանսական չարաշահումներ հայտնաբերվեցին, յուրացումների կասկածանքով աշխատակիցներ կալանավորվեցին՝ ՀԱԷԿ նախկին կոմերցիոն փոխտնօրեն Ռուբիկ Մովսիսյանը, Մանուկ Հարությունյանը, տնօրեն փոխվեց, փոխտնօրեն։ Գործը ԱԱԾ վարույթում է։ ԱԱԾ քննիչները ոչ ավարտում են իրենց աշխատանքը, ոչ էլ քննության վերաբերյալ տվյալներ են հայտնում։ Միակ տեղեկությունն այն է, որ հարուցված է քրեական գործ և, ինչպես հայտնեց ԱԱԾ մամուլի կենտրոնի աշխատակից Գալստյանը՝ «նախաքննությունը շարունակվում է»։ Նա հրաժարվեց պատասխանել, թե քանի կալանավորված անձ կա գործի շրջանակներում և ինչ մեղադրանքներ են առաջադրվել նրանց, արդյոք Ռուբիկ Մովսիսյանը մենակ է կատարել հանցանքը։ Մեր տեղեկություններով, /դրանք մեզ հայտնել էր ԱԱԾ մամուլի կենտրոնի նախկին ղեկավար, լուսահոգի Արծվին Բաղրամյանը, որն անհամեմատ ավելի լավ էր աշխատում մամուլի հետ և նվազ վախվորած էր– Ս․Ս․/ ՀԱԷԿ ՓԲԸ կոմերցիոն գծով փոխտնօրեն Ռուբիկ Մովսիսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի յուրացումների և վատնումների / Քր․ Օր-ի 179, 3 մաս, 1/ և առանձնապես խոշոր չափերով ապօրինի ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար։ Ի դեպ, այս նույն Ռուբիկ Մովսիսյանին ԱԱԾ-ն կալանավորել էր նաեւ 10 տարի առաջ, բայց քննությունն արագ կարճվել էր։ Նա հայտնի է որպես Բրլյանտ Ռուբիկ, քանի որ երկար ժամանակ ադամանդի բիզնեսով է զբաղվել։ «Եղել են չարաշահումներ, թե ոչ՝ կհաստատվի մեղադրական եզրակացությամբ, կամ էլ դատավճռով։ Քանի դեռ այդպիսիք չկան, չարաշահումների մասին չենք կարող խոսել, - մեր հարցմանն ի պատասխան ասաց ՀԱԷԿ ֆինանսական գծով փոխտնօրեն Մովսիսյանը, - ես չեմ կարող ասել, թե շատ են գալիս քննիչներ, թե քիչ, ես ոչ ոքի չեմ տեսել»։ Ատոմակայանը ռազմավարական օբյեկտ է և այնտեղ կատարվող չարաշահումներն ու փողերի լվացումը ուղղակիորեն առնչվում են ազգային անվտանգության խնդիրներին։ Բայց որքան ավելի սուղ են տեղեկությունները կատարված ֆինանսական մախինացիաների մասին, այնքան ավելի լայն շրջանակի պաշտոնյաների կարող են առնչվել։ Ի դեպ, կալանավորումներից հետո ատոմակայանի տնօրենին ժամանակավոր պաշտոնակատար փոխարնեց՝ Մովսես Վարդանյանը, որը մինչ օրս ԺՊ է։