Եթե Կենտրոնում կանաչ տարածք վերացնեն, շենքերի կտուրներին խոտ կցանեն

Եթե Կենտրոնում կանաչ տարածք վերացնեն, շենքերի կտուրներին խոտ կցանեն

«Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի նախագիծը հարակից փաստաթղթերի փաթեթով, որը երեկ կառավարություն էր բերել քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, աշխուժություն առաջացրեց գործադիրի նիստում։ Նախարարները սովորաբար հարցեր և առաջարկություններ չեն ունենում միմյանց ոլորտների վերաբերյալ, և նախագծերի քննարկման ժամանակ միակ ելույթ ունեցողն ու հարց տվողը Հովիկ Աբրահամյանն է լինում։ Բայց փոքր կենտրոնի կառուցապատումը հետաքրքիր էր բոլորին։ Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հարցրեց բազմաբնակարանային շենքերի շինարության կարգավորման մասին, հնարավոր խախտումների բացառման։ Վարչապետին, ինչպես միշտ, մտահոգում էր գործի ֆինանսական կողմը, այն, որ սկզբում ներկայացվեց, թե 70 մլն դրամով փոքր կետնրոնի կառուցապատման ծրագրի տակից դուրս կգան։ Բայց հիմա պարզվում է, 4 անգամ ավելի գումար է պետք լինելու։ Սրան Նարեկ Սարգսյանը պատասխանեց, որ կառավարությունը 60 մլն է տալու, մնացածը ապահովելու է քաղաքապետարանը։ Անգամ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հարց ուներ Նարեկ Սարգսյանին՝ թե արդյո՞ք փոքր կենտրոնի կառուցապատողները նաև կանաչապատելու են տարածքը և լուծելու են լուսավորության հարցը։ Նարեկ Սարգսյանը զարմանալի պատասխան տվեց։ Պարզվում է, կանաչապատումը իրականացվելու է ոչ թե գետնին, ասենք, հողի վրա, այլ շենքերի կտուրների։ «Կանաչապատման ծրագիր կիրականացվի հարթ կտուրների վրա, ինչպես նաեւ` կլինի ուղղաձիգ կանաչապատում»: Սա Նարեկ Սարգսյանն անվանում է «փոխահատուցողական կանաչապատում»։ Այսինքն, եթե գետնին ծառ հատեն, կանաչ տարածք վերացնեն, ապա դրա փոխարեն շենքերի կտուրներին խոտ են ցանելու։ Իսկ խեղճ երևանցիք բետոնածածկ տարածքներում չխեղդվելու համար պետք է բարձրանան շենքերի կտուրներ և այնտեղ օդ շնչեն։ Այսպե՞ս պետք է հասկանալ «փոխհատուցողական կանաչապատում» ասածը։ Հարցին պատասխանեց ճարտարապետ Համլետ Խաչատրյանը։ «Այստեղ կտրում ես, Հրազդանում, ասենք, տնկում։ Երևանի կենտրոնում կկտրեն, մեկ այլ տեղում, գենպլանի տարածքում կտնկեն, կասեն, հատուցել ենք։ Փոխհատուցողականը դա է», - բացատրեց նա։
-Բայց որքանո՞վ է ճիշտ Երևանում նման բան անելը։
-Չպետք է անեն։ Դա նրանից է, որ հաստատված չափանիշներ չկան, մարդկանց ձեռքին է, ով ինչ ուզում անում է։ Աշխարհում այլ կերպ են անում։ Եթե տվյալ հատվածի վրա ծանրացնում են թաղամասի ընդհանուր բալանսը, ապա մեկ ուրիշ տեղ, մոտակա հատվածում հատուցում են։ Այսինքն, Կենտրոնում կտրեն, կողքի թաղամասում հատուցեն։ Բայց այստեղ դա էլ չեն անում։
-Նարեկ Սարգսյանը բացատրում է, որ կտուրների վրա է փոխհատուցումն անելու, այսինքն, հարթ կտուրներին կանաչ տարածքներ են լինելու։
- Դե, թող աներ։ Նրա կառուցած ո՞ր մի շենքի վրա կանաչ տարածք ունի։ Երևանի նորակառույցների կեսն ինքն է կառուցել։ Մեկը մեկից այլանդակ քարակույտեր են։ Որտե՞ղ խոտ ու ծաղիկ կա։
- Քաղաքի բնակիչների հանդեպ որքանո՞վ է ազնիվ այսպես վարվելը, ասել՝ գնացեք, ուրիշի շենքերի գլխին ման եկեք, օդ շնչեք։
-Դե, գոնե այդպես անեին։ Եթե նորակառույցների տանիքները կանաչ լինեին, լավ կլիներ բնակիչների համար, բայց դա էլ չկա։ Հետո, ծառը անպայման պետք է արմատ ունենա։ Տանիքներին ծառ չես տնկի, մայր հող է պետք, կանաչը դեռ բավարար չի կտրված ծառերը փոխհատուցելու համար։
-Այսինքն, կենտրոնը անխուսափելիորեն և ամբողջությամբ դատապարտված է «կանաչազերծմա՞ն»։
-Մենք կենտրոնաձիգ ժողովուրդ ենք, չենք կարողանում կենտրոնից պոկվել։ Այնքան կլցնեն կենտրոնը քարակույտերով, որ կդառնա անտանելի։ Հետո նոր կգնա երկրորդ, երրորդ շրջանակը։ Ճանապարհը ես այդպես եմ տեսնում, թե չէ, ուրիշ ելք չկա։
Սյուզան Սիմոնյան