Մամ ջան, չմտածես, ես քեզ սոված չեմ թողնի, ուտելիքիցս կպահեմ, քեզ կուղարկեմ. Զոհված զինծառայողը անապահով ընտանիքից էր

Մամ ջան, չմտածես, ես քեզ սոված չեմ թողնի, ուտելիքիցս կպահեմ, քեզ կուղարկեմ. Զոհված զինծառայողը անապահով ընտանիքից էր

«Մենք դեռ չենք հասկանում թե մեր հետ ինչ է կատարվել, չենք պատկերացնում, որ մեր մորքուրի տղան էլ չկա, չենք ուզում նույնիսկ այդ մասին մտածել ու անգամ խոսել»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանական զինուժի կողմից հրթիռակոծման հետեւանքով սեպտեմբերի 25-ին զոհված ՊԲ զինծառայող 20-ամյա Ռոբերտ Մկրտչյանի մորաքրոջ որդիներից մեկը: 



Ռոբերտը տան միակ որդին էր, բարձրագույն կրթություն չի ստացել սոցիալական խնդիրների պատճառով: «Ծանր պայմաններում էին ապրում, որ գնում էր բանակ, ասում էր՝ մամ ջան, չմտածես, ես քեզ սոված չեմ թողնի, ուտելիքիցս կպահեմ, քեզ կուղարկեմ, մենակ դու մի տխրի»,-ասաց հարևաններից տիկին Արմինեն: Տիկնոջ խոսքով՝ Ռոբերտի մայրը տղայի սենյակում փակվել է ու դուրս չի գալիս. «Մայրը չի հավատում, որ որդին այլևս չկա, ու երևի էդ վշտի հետ երբեք չհարմարվի: Պետք է ես շաբաթ կիրակի խեղճ կինը գնար մոր տենսելու, բայց….»,-ասաց հարևանուհին չկարողանալով զսպել արցունքները:



Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ժամը 17:30-ի սահմանում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման էր ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, ինչի հետեւանքով զոհվել էին ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) եւ Կարեն Գեւորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կա 16 վիրավոր: Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրերով զոհված զինծառայողները հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով: