Գեներալը ձեռնոց է նետել Հրանուշ Հակոբյանին

Գեներալը ձեռնոց է նետել Հրանուշ Հակոբյանին

ԱԺ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը յուրատեսակ նախաձեռնությամբ ձեռնոց է նետել սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրին: Նախօրեին Ֆրանսիայի Նանսի քաղաքում անձամբ գեներալի մասնակցությամբ տեղի է ունեցել ԵԿՄ-ի ներկայացուցչության բացման արարողությունը: Պարզեցինք, որ ԵԿՄ-ն այդպիսի ներկայացուցչություններ ունի նաեւ Փարիզում, ԱՄՆ-ում, Օդեսայում, Մոսկվայում, Մերձվոլգայում եւ Երուսաղեմում, որն այս տարի գեներալներ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի ուխտագնացության օրերին բացվեց: Ի՞նչ ռազմահայրենասիրական անհրաժեշտություն է դրդել մասնաճյուղեր բացել տարբեր քաղաքներում, պարզվում է՝ Մանվել Գրիգորյանը մի նոր առաքելությամբ է որոշել հանդես գալ. այդ կառույցում ընդգրկել ոչ միայն ԵԿՄ-ի կորիզը համարվող երկրապահ ազատամարտիկների, այլեւ տեղի երիտասարդներին ու նրանց ռազմահայրենասիրական ոգին բարձրացնել՝ հայրենիք վերադարձի նպատակի ներքո: Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, գեներալի մասնակցությունը հատուկ պլանավորված չի եղել: Վերջին տարիներին, ինչպես հայտնի է, նա բուժման կուրսեր է անցնում Ֆրանսիայում, մինչեւ անցած տարի անհրաժեշտություն կար տարին երկու անգամ գնալ Ֆրանսիա՝ հետազոտության, բայց հիմա նրա վիճակն այնքան լավ է, որ մեկ անգամն էլ բավարար է: Եվ առողջական նպատակներով Ֆրանսիա այցելած Գրիգորյանը որոշել է երկուսը մեկում անել՝ նաեւ կազմակերպել մասնաճյուղի բացում: