Արդարադատության հին եւ նոր նախարարների կարողությունը

Արդարադատության հին եւ նոր նախարարների կարողությունը

Արդարադատության վերջերս ազատված եւ բոլորովին վերջերս նշանակված հին եւ նոր նախարարները Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց հայտարարագրերը: Պաշտոնազուրկ նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրել է պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը, իսկ նրա փոխարեն նշանակված նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:



Միանգամից նշենք, որ երկու հայտարարագրերն էլ առանձնապես էական փոփոխությունների չեն ենթարկվել: Արփինե Հովհաննիսյանն էլ, Հովհաննես Մանուկյանն էլ շարժական գույքի մասով շարունակում են տնօրինել իրենց հիբրիդային ու դիզելային Toyota-ները, դրամական միջոցներն էլ են նույնը։ Այսպես. հուլիս ամսին պաշտոնանկ եղած Հովհաննես Մանուկյանը շարունակում է վարել 74 հազար դոլարով գնած դիզելային շարժիչով Toyota Land Cruiser 200 ամենագնացը: Սա, հիշեցնենք, Մանուկյանի անձնական մեքենան էր, որը երկար ժամանակ նա շահագործում էր որպես ծառայողական ավտոմեքենա, մինչեւ որ վերջին ամիսներին նոր, պետական ծառայողական ավտոմեքենա գնեց՝ Toyota Camry: Այն այժմ ծառայում է Արփինե Հովհաննիսյանին: Մանուկյանի դրամական միջոցներն էլ առանձնապես չեն աճել կամ նվազել: Նա պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ, ըստ հայտարարագրի, ունեցել է 5 միլիոն դրամ, 400 հազար դոլար եւ 300 հազար եվրո: Իսկ հունվարի 1-ից մինչեւ պաշտոնը դադարեցնելու օրը նրա ստացած եկամուտներն ընդհանուր հաշվով կազմել են 20 մլն. 135 հազար դրամ:



Մանուկյանի հայտարարագրին հուլիսին, պաշտոնանկությունից օրեր առաջ, մենք էլի էինք անդրադարձել եւ պետք է փաստենք, որ նրա եկամուտներն ու դրամական միջոցներն էական փոփոխություններ այս ամիսներին չեն կրել:



Ի տարբերություն իր նախորդի՝ անհամեմատ ավելի համեստ է նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանի հայտարարագիրը: Նա շարունակում է վարել իր հին ավտոմեքենան՝ 2011 թվականի արտադրության հիբրիդային շարժիչով Toyota Prius-ը, որը գնել է 13 միլիոն 860 հազար դրամով: Հարկային տարում նորանշանակ նախարարի եկամուտները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ մի փոքր նվազել են՝ 6 միլիոն 735 հազար դրամից իջնելով 5 մլն. 789 հազար դրամի: Իսկ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Հովհաննիսյանի դրամական միջոցները, ըստ նրա ներկայացրած հայտարարագրի, կազմել են 1 մլն. 500 հազար դրամ:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ