Թող Պզոն որոշի, ախպեր

Թող Պզոն որոշի, ախպեր

Լավ էլ առիթ է, ասում են՝ օրենքով գողերը Հայաստանում են: Մնում է՝ նրանց «աբրաշչատցա» լինենք, որովհետև Հայաստանում օրենք-մորենք բռնաբարող չկա: Ավելին, հակառակ երևույթն է նկատվում՝ ապուշ օրենքն է հայաստանցուն բռնաբարում: Հասկանալի է՝ հասարակ հայաստանցուն: Թե չէ Շմայսին ի՞նչ կա, ի՞նչ օրենք կկարողանա նրան բռնաբարել: Համ էլ օրենքը Շմայսն է գրում, ինքը գրում, ինքն այդ օրենքով բռնաբարում կամ գլխատում: Հարց կա՞, արա, այ հայաստանցի...



Դրա համար եմ ասում՝ պետք է «աբրաշչացա» լինել «ավտարիտետներին»:



Հույսներս ո՞ւմ վրա ենք դրել՝ իրավապաշտպան Սաքունցի՞: Սաքունցը պետք է Շմայսին պատժի՞: Բա ինչո՞ւ դատին չէր եկել, արել էր տակը: Երևում է՝ ով պետք է՝ հետը խոսել էր, հասկացրել՝ որը որից հետո է:



Շմայսի՝ «գլխատելու եմ», «բռնաբարելու եմ» հայտարարություններն, ի դեպ ամբողջությամբ համապատասխանում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի ծրագրի տառին: Վսստահ ենք, որ նրանով պետք է զբաղվեր ԱԱԾ-ն, ինչպես զբաղվում է Զարուհի Փոստանջյանով: Բայց, ինչպես ասում են, Շմայսը ԱԱԾ-ի քիփն ա, իսկ Հայաստանում «քիփը» շատ տարողունակ հասկացություն է, և եթե Շմայսը նույնիսկ իր հայտարարությունների հնգապատիկն էլ իրագործեր, միևնույն է, ոչ ոք չէր կարող Շմայսին «բագաժ» տալ:



Մնում է ի՞նչ անել... Այո, մնում է «աբրաշչացա» լինել, որովհետև, դիցուք՝ լրագրողներն այն մարդիկ չեն, որ ընկնեն Շմայսի ու նրա նմանների խելքին և պատասխանեն, թե մենք էլ քեզ կգլխատենք և ... Ի դեպ՝ Գալուստ Սահակյանը խորհուրդ է տալիս նման դեպքերում հակադարձել՝ դուք էլ իրեն ասեք: Այսինքն՝ խոսքն այս շմայսախմբի համար ոչ մի նշանակություն չունի, նաև սա է հարցը:



Գեներալ Սարոյանը ԱԺ ամբիոնից դաստիարակչական աշխատանքներ էր տանում ծեծի ենթարկված ընդդիմադիր պատգամավորի հետ: Հիշո՞ւմ եք՝ այ Արամ, դու էլ հո գրագետ մարդ ես, ընչի՞ ես քրֆըմ... Ինչո՞ւ նույնը չի ասում Շմայսին, մի՞թե միայն այն պատճառով, որ Շմայսը գրագետ չէ: Բայց դա ի՞նչ կապ ունի: Քի՞չ անգրագետ մարդիկ կան, ովքեր այսօր փտում են բանտերում, որովհետև հայհոյել են, սպառնացել, շանտաժի ենթարկել ուրիշներին: Ահա և հասանք այն կետին, որ պարզվեց՝ խնդիրը հայհոյանքը կամ սպառնալիքը չէ Հայաստանում, այլ այն է, թե ով է հայհոյում կամ սպառնում: Ըստ այդմ էլ՝ օրենքը գործում կամ չի գործում:



Ի՞նչ անել:



Եթե ճիշտը մի հատ է, մնում է «աբրաշչացա» լինել: