ՀՀԿ խմբակցության նոր պատգամավորին համոզելու կարիք չկա, որ կողմ քվեարկի նոր Սահմանադրությանը

ՀՀԿ խմբակցության նոր պատգամավորին համոզելու կարիք չկա, որ կողմ քվեարկի նոր Սահմանադրությանը

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը համալրած նոր պատգամավոր Կարեն Բեքարյանը կողմ է քվեարկելու Սահմանադրության փոփոխությունների նախագծին, քանզի այս նախագիծն իր համոզմունքներին համահունչ է։ Հիշեցնենք, որ Բեքարյանը խորհրդարան է անցել վերջերս ՀՀԿ համամասնական ցուցակով՝ փոխարինելով Արփինե Հովհաննիսյանին, ով սեպտեմբերի 4-ին նշանակվեց արդարադատության նախարար։
Hraparak.am-ի հետ զրույցում Բեքարյանն ասաց, որ Սահմանադրության նախագծին կողմ քվեարկելու հարցում իրեն համոզելու կարիք չկա։



«Համոզելու կարիք, կարծում եմ, չկա, այսինքն՝ տեսակետ ձևավորելու համար ընդամենը այս ողջ ընթացքում երևի պետք էր հետևել բարեփոխման գործընթացին՝ ինչպես է ընթանում, սկիզբը նախագծի, դրա վրա եղած առաջարկները, համարժեք առաջարկները և այլն, այսինքն՝ համոզելու խնդիր չկա էդտեղ բոլորովին»,-ասաց նա՝ նշելով, որ իր կարծիքը նախագծի վերաբերյալ դրական է և դրական էլ քվեարկելու է։



Այնուհետև նա բացատրեց, թե ինչու է իր կարծիքը դրական․ «Որովհետև առնվազն մի շարք ուղղություններով այն բավականին էական առաջընթաց արձանագրելու հնարավորություն է ստեղծում, բնականաբար, դրանից ելնելով՝ որևէ խնդիր չեմ տեսնում»։
Հարցին՝ ինքը դա ասում է որպես ՀՀԿ խմբակցության անդա՞մ, պարոն Բեքարյանն ասաց․ «Ես առաջին հերթին ՀՀ քաղաքացի եմ և հետո՝ մարդ, ով այդ պրոցեսներով հետաքրքրված է, այդ թվում՝ եվրաինտեգրման գործընթացի համատեքստում, այսինքն՝ որքանով է այս նոր նախագիծը մեզ ավելի մոտեցնում եվրոպական արժեքային համակարգին, ավելի ընկալելի դարձնում էդ արժեքային համակարգի խնդիրները և ստեղծում կիրառական գործիքներ։ Հետևաբար, երբ որ էդ հարցերին ստանում ես որոշակիորեն դրական պատասխան այս նախագծից, ես էս նույնը կպատասխանեի, անգամ եթե էս շենքի հետ որևէ առնչություն չունենայի»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ