ԲՀԿ-ի «անհնազանդները» բացատրում են իրենց քայլը

ԲՀԿ-ի «անհնազանդները» բացատրում են իրենց քայլը

ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկության ինտրիգներից մեկը ԲՀԿ խմբակցության որոշ պատգամավորների բացակայությունն էր, մասնավորապես՝ Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի, Վահե Հովհաննիսյանի եւ Վարդան Օսկանյանի, որոնք համարվում են ԲՀԿ-ի սկզբունքայինները, եւ մամուլը նրանց անունը շաղկապում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: ԲՀԿ-ական պատգամավորների այդ քայլը խիստ արձագանք ստացավ տվյալ կուսակցության շրջանում։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը հայտնել է, որ կուսակցությունում որոշել են պատժել «անհնազանդներին»: «Ես ասացի՝ մենք կիրականացնենք քայլեր, դուք կտեսնեք»,- երեկ լրագրողների հետ զրույցում փակագծերը չբացեց Վահան Բաբայանը: Նա մինչեւ քվեարկությունն էլ նմանատիպ տեսակետ էր հայտնել՝ ասելով, որ խմբակցության «կողմ» դիրքորոշումը չկիսող անձանց քայլը, մեղմ ասած, անհետեւանք չի մնա: Սակայն Բաբայանի սպառնալիքներն առ ոչինչ են գոնե նշված երեք պատգամավորների դեպքում, որոնք անկուսակցականներ են, կուսակցությունից հեռացնելու խնդիր չի առաջանա, իսկ մանդատից զրկելու իրավունք էլ չունեն: Խնդիրը միայն Էլինար Վարդանյանին է վերաբերում, ում կարող են զրկել ԱԺ մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի կարգավիճակից:
Երեկ Էլինար Վարդանյանից եւ Ստեփան Մարգարյանից փորձեցինք պարզել քվեարկությանը չներկայանալու պատճառները, ինչպես նաեւ Սահմանադրության փոփոխված փաթեթի մասին իրենց կարծիքը:



- Տիկին Վարդանյան, Սահմանադրության փոփոխված նախագծի քվեարկությանը Ձեր բացակայության փաստն ինչպե՞ս կմեկնաբանեք: Շաբաթներ առաջ մեզ հետ զրույցում հայտարարեցիք, որ չեք փոխել Ձեր դիրքորոշումը եւ դեմ եք փոփոխությունների փաթեթին, փոխվե՞լ է արդյոք Ձեր դիրքորոշումը, որի պատճառով չմասնակցեցիք քվեարկությանը:



- Ես բազմիցս նշել եմ, եւս մեկ անգամ պետք է վերահաստատեմ, որ նախկինում արտահայտած դիրքորոշումս փոփոխության չի ենթարկվել։ Իսկ նիստից բացակայելը եւս վերաբերմունքի ձեւ է։ Ցանկացած նախագծի կարելի է քվեարկել կողմ, դեմ, ձեռնպահ եւ չմասնակցել քվեարկությանը, քվեարկությանը չմասնակցելով՝ եւս արտահայտել եմ իմ դիրքորոշումը Սահմանադրության նախագծի վերաբերյալ։



- Ի՞նչն էր խանգարում մասնակցել եւ հստակ «դեմ» արտահայտվել՝ տեղի չտալով տարատեսակ գնահատականների, գուցե չմասնակցելով չցանկացա՞ք սրել իրավիճակը՝ հաշվի առնելով ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանի հայտարարությունը, որ խմբակցության դիրքորոշումը բոլորը պարտավոր են կատարել:



- Ելնելով ԱԺ կանոնակարգի եւ Սահմանադրության ինձ տրված իրավասություններից, ես ինքս եմ որոշում ինչպես քվեարկել այս կամ այն օրենքի նախագծին, իսկ հայտարարություններն ինձ այս պահին այդքան էլ չեն հետաքրքրում։ Անկեղծ ասած՝ ինձ հետաքրքրում է, թե ինչ տեսակետ կունենա հասարակությունն իմ որոշումների եւ իմ քայլերի նկատմամբ:



- Ձեր կուսակիցները հայտարարում են, որ իրավիճակ է փոխվել, եւ սահմանադրական փոփոխությունները խիստ անհրաժեշտ են մեր երկրին:



- Գուցե ես կրկնվեմ, բայց երկրում առկա բազմաթիվ սոցիալական ու տնտեսական խնդիրները կապ չունեն Սահմանադրության հետ, հենց այդ խնդիրների առաջնահերթ լուծման կարիք ունենք մենք, այլ ոչ թե սահմանադրական փոփոխությունների: Կարծում եմ՝ այսքանը բավարար է հասկանալու համար, թե ինչու ես կողմ չեմ այս փոփոխություններին:



- ԲՀԿ-ական Ձեր գործընկերները պնդում են, որ այլ կերպ հնարավոր չէր քվեարկել, քանի որ կառավարման խորհրդարանական ձեւին եւ համամասնական ընտրակարգին անցում կատարելու դրույթներն ամրագրված են եղել կուսակցության ծրագրում: Եվ քանի որ սկզբունքային հարցերում չեք կիսում կուսակցական գործընկերների տեսակետը, ապագայում Ձեր գործունեությունն այս կուսակցության կազմում հնարավոր համարո՞ւմ եք:



- Տարբեր տեսակետներ ունենալը ժողովրդավարական կարեւոր սկզբունքներից մեկն է, կարծում եմ, որ դա կարեւորագույն գործիք է տարբեր հարցերի վերաբերյալ առավել օպտիմալ լուծումներ գտնելու համար: Ինչ վերաբերում է կուսակցությունում ինձ տեսնելուն կամ չտեսնելուն, այս պահին այդ հարցի վերաբերյալ ես որեւէ որոշում չունեմ:



- Ավելին՝ տեւական ժամանակ է, ինչ խոսվում է, որ Դուք եւս ԲՀԿ-ի արմատականների հետ տեղափոխվելու եք Վարդան Օսկանյանի նոր ստեղծվելիք կուսակցություն:



- Ես բազմիցս եմ ներկայացրել եւ հիմա էլ չեմ զլանա կրկնել, որ նշված գործընթացի վերաբերյալ, որի մասին տեղեկացնում են լրատվամիջոցները, ես որեւէ ինֆորմացիա չունեմ:




ԵՍ ԵՐԲԵՔ ԻՆՏՐԻԳՆԵՐՈՎ ՉԵՄ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ



Զրուցեցինք նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Հզոր հայրենիք» կուսակցության ղեկավար Ստեփան Մարգարյանի հետ, ով նույնպես պնդեց, որ իր նախորդ հայտարարությունը՝ սահմանադրական բարեփոխումներին «դեմ» լինելու առնչությամբ, շարունակում է ուժի մեջ մնալ։ «Ես չեմ մասնակցել, որովհետեւ այդպես նպատակահարմար գտա արտահայտելու իմ «դեմ»-ը»,- ասաց նա:



- Պարոն Մարգարյան, Ձեր չմասնակցության փաստը տարատեսակ գնահատականների տեղիք տվեց, որ Ձեր քայլը նահանջ է սկզբունքայնությունից կամ էլ Վահան Բաբայանի հայտնի հայտարարության հետեւանքն է, որպեսզի պատժամիջոցներ չկիրառվեն Ձեր նկատմամբ։



- Սկսենք նրանից, որ ես կուսակցական չեմ, հետեւաբար, իմ դեպքում գործողությունները կիրառելի չեն: Ինձ համար շատ ավելի կարեւոր է հասարակության տեսակետը, քան թե ինչ-որ մի վերլուծություն: Իմ տեսակետը հստակ է, պարզ՝ իմ դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ չի փոխվել, իսկ չեմ մասնակցել քվեարկությանը, քանի որ համարել եմ տակտիկական քայլ, այդպես եմ հարմար գտել:



- Իսկ ի՞նչ մեկնաբանություն ունեք ԲՀԿ-ի ներկայիս դիրքորոշման վերաբերյալ, իրենք համարում են, որ իրավիճակ է փոխվել, եւ հարկավոր են փոփոխություններ:



- Ես խորապես հարգում եմ այն մարդկանց տեսակետը՝ իսկական տեսակետը, ովքեր որ ունեն նման տեսակետ, եւ գտնում եմ, որ իրավունք ունի նման տեսակետ գոյություն ունենալ, ու հարգում եմ բոլորի քվեարկությունը: Բայց այդ դեպքում իմ կարծիքն էլ գոյության իրավունք ունի, ու փորձել վիրավորելով, մի կենտրոնից ուղղորդված հոդվածներով, որը գիտենք՝ մի հոգի է գրում, փորձել հերյուրանք հասցնել ինձ, ճիշտ չէ: Մանավանդ որ ես ինքս էլ ունեմ բազմաթիվ հարցեր, որոնք կարող եմ բարձրաձայնել, ես շատ տեղեկացված մարդ եմ:



- Եվ քանի որ Դուք «ոչ»-ի ճակատում եք, ինչպե՞ս եք պատկերացնում նախագծի տապալման գործընթացը, հնարավո՞ր է Ձեզ տեսնենք այս ճակատի պայքարում:



- Ես հրապարակային մարդ եմ եւ իմ հետագա քայլերի մասին անպայման կասեմ: Ես ինչ արել եմ, հրապարակային եմ արել եւ երբեք ինտրիգներով չեմ առաջնորդվել:



- Արդեն մի քանի ամիս է՝ խոսվում է Վարդան Օսկանյանի կողմից նոր կուսակցություն հիմնելու մասին։ Ըստ խոսակցությունների, ԲՀԿ-ում հանգրվանած մի քանի, այսպես կոչված, արմատականների հետ Դուք եւս պատրաստվում եք տեղափոխվել այդ կուսակցություն: Ի՞նչ կասեք այդ մասին:



- Նախ ճշտենք. արմատական՝ լա՞վ, թե՞ վատ:



- Դե, համենայնդեպս, ժամանակ առ ժամանակ դիրքորոշում չփոխող:



- Գիտեք, բոլոր տեսակետները ժամանակի ընթացքում կարող են փոխվել, դա վատ բան չէ, երբ որ իսկապես իրավիճակ փոխվի, երբ որ իսկապես բան փոխվի… Ինչ վերաբերում է մեր քաղաքական ապագային, ապա այս պահին որեւէ որոշում չունենք:



- Ռոբերտ Քոչարյանն այսօր (երեկ) հարցազրույցով հայտնել է իր դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների դեմ…



- Իր տեսակետն է հայտնել, վերլուծություն է արել, ու շատ ու շատ տեսակետների հետ դժվար է վիճել:



- …Շարունակելով հարցս՝ ասեմ, որ Քոչարյանի մամլո խոսնակն էլ չի բացառել, որ 2017-ին երկրորդ նախագահն իր կուսակցությունով իշխանության հայտ կներկայացնի: Հնարավո՞ր է Օսկանյանի ստեղծելիք կուսակցությունը ղեկավարի Քոչարյանը, եւ Դուք էլ հաջորդ ընտրություններին իր թիմում հայտնվեք:



- Ես չեմ կարող գուշակությունների ժանրում խոսել: