Ամեն մեկն իր արշինով է չափում

Ամեն մեկն իր արշինով է չափում

Երեկ, իմ կարծիքով, մի հրաշալի հոդված էի գրել այն մասին, թե տեսնես Քոչարյանն ինչո՞ւ է լռում, երբ արդեն հրապարակի վրա է Օրենքի նորացված ամբողջական ու վերջնական տեքստը եւ հաստատված ԱԺ-ի կողմից: Հոդվածս էլեկտրոնային փոստով դեռ խմբագրություն չէր հասել, որ կայծակնային պատասխան ստացա գլխավորից. բա չես ասի՝ մինչ դու տանջվում էիր, Քոչարյանն արդեն խոսել է:



Յա՜ա՜ա՜, ինչպիսի հաջողություն:



Իսկույն մոռացա ապարդյուն անցած ջանքերիս մասին ու բացեցի առաջին պատահած կայքը: Ահա՝ մեկ սարքովի հարց, մեկ չափված-ձեւված պատասխան: Ամեն ինչ այնքան նման է «военный устав»-ի: Սա իմ առաջին տպավորությունն էր:



Կարդացի ու ի՞նչ տեսնեմ՝ Քոչարյանին ամենաշատն անհանգստացնում է ոչ թե երկրի կառավարման կարգի փոփոխությունը, այլ ներկուսակցական կյանքում ժողովրդավարության բացակայությունը, որը, ըստ Քոչարյանի, կբերի լճացման, այսինքն՝ «ատստոյի» («ատստոյը» կործանեց ԽՍՀՄ-ը): Ասում է. «Ես այդպիսի ապագա իմ երկրին չեմ ցանկանում, դրա համար էլ միանշանակ դեմ եմ արտահայտվում այս փոփոխություններին: Կատարվում է մի մեծ սխալ, որի հետեւանքները ծայրահեղ վտանգավոր են Հայաստանի ապագայի համար»: Եթե անկեղծ լինեմ, պիտի ասեմ, որ նրա այս վերջաբանից աչքերս խոնավացան: Հանկարծ հիշեցի այն օրերը, թե ինչպես էր ինքը ՀՀԿ-ԲՀԿ-ական խորհրդարան ձեւավորում, եւ ինչպիսի ժողովրդավարություն էր իշխում այդ կուսակցություններում իր օրոք: Իսկ թե ինչպիսի ժողովրդավարություն էր տիրում երկրում՝ էլ խոսք չկա նկարագրելու:



Ինչ վերաբերում է մնացած տեքստին, պետք է ասեմ, որ այն էականորեն չէր տարբերվում «Չեք անցկացնի» շարժման ակտիվիստի ելույթից: Նույն մտավախությունն է հայտնել, որ իշխող կուսակցությունը, ունենալով լծակներ, մեծամասնություն կստանա ԱԺ-ում, եւ երկիրը կգլորվի դեպի միակուսակցականություն: Սերժ Սարգսյանի անունն էլ չի տվել, որովհետեւ ղարաբաղցին ղարաբաղցուն, հասկանում ես, ո՞նց կլինի: Եթե ավելի բացենք փակագիծը, ապա Ռոբերտ Քոչարյանը խոսել է Սերժ Սարգսյանի վերարտադրության գործիքների մասին: Այո, այն նույն գործիքների, որոնք նկատել եւ մատնանշել էր կին պատգամավոր Մարգարիտ Եսայանը:



Մի հարց մեծարգո Երկրորդին՝ ի՞նչ տարբերություն նախագահով վերարտադրության եւ առանց նախագահի վերարտադրության միջեւ, այսինքն՝ «ատստոյի» եւ «ատստոյի» միջեւ:



Քոչարյանի այս ելույթը խիստ տենդենցիոզ է: Նա էն գլխից վստահ է (չգիտեմ՝ ինչու), որ սահմանադրական բարեփոխումների ողջ տրամաբանությունը երկրում ՀՀԿ-ի մենիշխանություն հաստատելն է: Իսկ այն, որ բարեփոխված սահմանադրությունը երկրի առաջընթացի հնարավորություն է բացում, Քոչարյանը չի էլ փորձում նկատել: Նա համոզված է, որ գործող սահմանադրությունն ի զորու է դիմագրավել բոլոր մարտահրավերները, որոնք այսօր կան: Ես կարող եմ մատնանշել առնվազն մեկ մարտահրավեր, որի առաջ այս սահմանադրությունն անզոր է: Փորձեք գործող սահմանադրությամբ կարգավորել ներքաղաքական կյանքը: Չի ստացվի: Այստեղ այլասերված խառնամբոխն է եղանակ ստեղծում, եւ դա շնորհիվ Քոչարյանի այնքան փայփայած նախագահական համակարգի:



Ինչո՞ւ է Քոչարյանը վստահ, որ առաջիկա ընտրություններում հենց իշխող կուսակցությունն է մեծամասնություն ստանալու: Դա նրանից է, որ ինքն ընտրություններում հաղթելու այլ ձեւ չգիտի, քան լծակների եւ ֆինանսական միջոցների գործադրմամբ հաղթելն է: Երեւի հենց այստեղ էլ թաղված է շան գլուխը: Բայց նա ուղղակի պարտավոր է մի պահ խորհել, թե ինչ տեղի կունենա, եթե ընդդիմությանը հաջողվի իշխող կուսակցությանը զրկել 51 տոկոսից: Եվ կապ չունի, թե այդ կուսակցությունը հետո ում հետ կոալիցիա կամ կայուն մեծամասնություն կձեւավորի: Իրական կոալիցիան արդեն իսկ հակակշիռ է, եթե կուզեք՝ իշխանափոխության ռեալ հնարավորություն, ինչը երբեք Հայաստանում չի եղել եւ առաջին հերթին՝ նախագահների պատճառով ու մեծ դերակատարությամբ: