Հայրիկյանն այսօր նամակներ է փոխանցելու նախագահին և գլխավոր դատախազին

Հայրիկյանն այսօր նամակներ է փոխանցելու նախագահին և գլխավոր դատախազին

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը այսօր երկու տարբեր բովանդակությամբ նամակներ է փոխանցելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին։ ԱԻՄ առաջնորդը լավատեսական ակնկալիքներով դիմում է նախագահին. 



«Սեպտեմբերի 17-ին եւ սեպտեմբերի 25-ին Ձեզ հասցեագրված ուղերձներում մենք նշել էինք այն փաստը, որ Սահմանադրութեան մէջ փոփոխություններ կատարելու գործն ընթացել է եւ ընթանում է Սահմանադրության կոպտագույն խախտումներով, հետեւաբար այն հակասահմանադրական է եւ պետք է անմիջապես կասեցվի։



Այժմ, երբ ԱԺ-ն իր հանրապետական մեծամասնությամբ վավերացրել է հակասահմանադրական գործելակերպով, «սահմանադրական բարեփոխումներ» կատարած Հանձնաժողովի մտամարզանքի արդյունքը եւ մեր ժողովրդի համար կարեւորագոյն՝ քաղաքական իրավունքների, կրկնակի կրճատում նախատեսող նախագծի հանրաքվեի դրվելը կախված է միայն Ձեզնից, մենք մեր պարտքն ենք համարում հորդորել ձեզ չդառնալ հակասահմանադրական՝ հանցավոր ու ապօրինի, ճանապարհով հիմնական օրենք ընդունելու «ճարտարապետը» հայ իրականութեան մէջ:



Գլխավոր դատախազին հիշեցնելու է և պահանջելու. «Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը չարաշահելով իր դիրքը եւ անտեսելով իմ՝ որպես ԱԻՄ առաջնորդ, ներկայացրած Սահմանադրական փոփոխությունների այլընտրանքային տարբերակը, ոչ միայն իմ իրավունքներն է ոտնահարել, այլեւ մեր ժողովրդին զրկել է՝ իրապես քաղաքացիների՝ ժողովրդի իշխանություն ապահովող (ՀՀ Սահմանադրութիւն, Յօդուած 2) եւ մարդկությանն առայսօր հայտնի լավագույն՝ բացարձակ ժողովրդավարության, պետական համակարգն ունենալու հնարավորությունից։ Դեռեւս 2014թ. Սեպտեմբերի 26-ին ես որպես ԱԻՄ պատասխանատու Հանձնաժողովին էի ներկայացրել Սահմանադրական փոփոխությունների մեր հայեցակարգը՝ դրան կցելով «Դեպի Բացարձակ Ժողովրդավարություն» աշխատությունը։ Այնուհետեւ, 2015թ. Հուլիս 17-ին մենք կրկին պաշտոնապես դիմեցինք Հանձնաժողովին։ Որոշ ժամանակ անց մեզ առաջարկվեց հուլիսի 31-ին հանդիպել Հանձնաժողովի անդամների հետ եւ համատեղ քննարկել մեր այլընտրանքային տարբերակը։ Հանձնաժողովը վերջին պահին խուսափեց այդ հանդիպումից եւ խնդրեց հանդիպել մեկ շաբաթ անց։ Խոստացած հանդիպումն ու քննարկումն այդպես էլ չկայացավ։ Նաեւ մամուլն է արձանագրել այդ ամենը... Մեր երկրում օրինականության եւ մանավանդ սահմանադրականութեան պահպանումը բոլորիս, մանավանդ՝ դատախազության խնդիրն է։ Ես հիմք չունեմ չվստահելու ՀՀ դատախազության մասնագետներին եւ դրանից ելնելով, Ձեզ կոչ եմ անում համապատասխան մասնագետներին հանձնարարել ամենակարճ ժամանակամիջոցում տալ կատարվածի համարժեք իրավական գնահատականը եւ դրան համապատասխան լուծել հանձնաժողովի անդամներին պատասխանատվության ենթարկելու խնդիրը»։