Ես Սեդան չեմ, Ռիտան եմ...

Ես Սեդան չեմ, Ռիտան եմ...

Երեկ, Տարեցների միջազգային օրվա առթիվ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Միայնակ տարեցների եւ հաշմանդամների տնային պայմաններում սոցիալական սպասարկման կենտրոնը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կազմակերպել էր համերգ-միջոցառում կենտրոնի կողմից խնամվող շուրջ 300 միայնակ տարեցների համար: Համերգի պատվավոր հյուրը լինելու էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ում կողմից բոլոր տարեցներին մեկական ծաղիկ ու մեկական կոնֆետի տուփ էին մատուցելու։ Առաջին տիկնոջ ժամանումին ընդառաջ տարեցներին այնքան էին շտապեցնում աստիճաններն ի վեր, որ նրանցից մեկը վայր ընկավ՝ ծաղիկը ձեռքին։ Բայց, ինչպես փոքր երեխայի խաթրը կշահեն, կնոջն անմիջապես նստեցրին աթոռին ու կոնֆետը ձեռքը տվեցին։ Վերջապես եկավ նաեւ Ռիտա Սարգսյանը, ում տարեց տատիկ-պապիկները ողջունում էին ինչպես կարող էին, իսկ նրանցից մեկն ավելի առաջ գնաց ու բարձր կանչեց. «Ցայտաղբյուրից որ ջուր ենք խմում, Ձեզ օրհնում ենք»։ Դրան ի պատասխան, տիկին Ռիտան հետաքրքրվեց. «Նվերները ստացե՞լ եք»։ Չնայած դրան, առաջին տիկնոջ կողքի եւ հետեւի մի քանի նստատեղերն ազատ էին թողել, բայց, միեւնույն է, տարեցները մերթընդմերթ շրջվում էին ու նրան նայում։



Մինչ համերգը կսկսվեր, բեմ բարձրացավ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը եւ մեծարանքի խոսքերի կողքին ներկաներին վստահեցրեց, որ կառավարությունը ջանք չի խնայում տարեցների կյանքի որակը բարձրացնելու համար, ճիշտ է՝ դա շատ նկատելի չէ, բայց շնորհակալ են, որ չեն ասում՝ մեզ ամեն ինչ այսօր է պետք։ Ապա նկատեց, որ երբեմն մի փոքրիկ ժպիտն ու լավատեսությունը բավական են։ Եվ անհոգ ծերություն ցանկացավ մեր երկրի «ոսկե ֆոնդին»՝ տարեցներին։ Միայնակ տարեցների եւ հաշմանդամների տնային պայմաններում սոցիալական սպասարկման կենտրոնի տնօրեն Լիլիթ Աղաջանյանն էլ նշեց, որ բոլոր տոներն են իրար հետ նշում, անգամ Զորավար Անդրանիկի ծննդյան օրը, Եռաբլուր են գնում, թանգարան, թատրոններ։ Ինչ վերաբերում է առաջին տիկնոջը, ապա նա հատուկ ընդգծված վերաբերմունք ունի տարեցների նկատմամբ, երբեք դատարկաձեռն չի գալիս նրանց մոտ եւ տարբեր տոների առիթով նման միջոցառումներ է կազմակերպում ու ներկա լինում։



Համերգի վերջում մթնոլորտն իսկապես թեժացավ, հատկապես, երբ բեմ բարձրացավ Արսեն Գրիգորյանը, որի երգի տակ սկզբում մի քանի հոգի, իսկ հետո նաեւ շատ տարեցներ սկսեցին պարել։ Նրանցից մի քանիսը մոտեցան եւ պարի հրավիրեցին նաեւ առաջին տիկնոջը, ով միացավ համընդհանուր ոգեւորությանը։ Իսկ երբ երաժշտությունը մի պահ դադարեց, տատիկներից մեկը տեղից բարձրաձայն բղավեց, այնպես, որ առաջին տիկինը լսի. «Ռիտա ունենք, աշխարհը չունի»։ Համերգի ավարտին գրեթե ամբողջ դահլիճով առաջին տիկնոջն ուղեկցեցին դռան մոտ, որտեղ մի պապիկ հեռվից կանչեց. «Սեդա ջան, շատ լավն ես»։ «Ես Սեդան չեմ, Ռիտան եմ...»,-համընդհանուր ծիծաղի մեջ նկատեց առաջին տիկինն ու խոստացավ մյուս տարի էլ գալ իրենց հետ պարելու։