Ծննդյանս օրը նվեր մի բերեք՝ փող բերեք

Ծննդյանս օրը նվեր մի բերեք՝ փող բերեք

«Նվեր» բառը հայկական բառարաններում տարբեր հոմանիշներ ունի՝ նվիրատվություն, զոհ, ներբող, ձոն, օրհներգություն, հիշատակ: Հայկական ժամանակակից լեզվամտածողության մեջ կարծես «նվեր» բառն ստացել է նյութական իմաստ: Մտածում եք, թե ձեր ծննդյան օրն ինչ նվեր կստանաք մտերիմներից, ով կլինի ամենաթանկ նվերի հեղինակը։ Իսկ, այ, Սփյուռքի մեր հայրենակիցներից մեկը, օրինակ, մտածել է, թե իր ծննդյան օրն ինչ նվեր «մատուցի» հարեւանին: Մեզ պատմեցին, որ ծննդյան օրվա հրավիրատոմս են ստացել, որտեղ օրվա հոբելյարն իր հյուրերից խնդրել է գումար բերել, որով պատրաստվում է հոգալ իր հարեւաններից մեկի խնդիրները՝ նորոգել նրա տունն իր ծննդյան օրվա առիթով բերված գումարի հաշվին: Մեզ հաջողվեց զրուցել այդ մարդու հետ, ով խնդրեց չհրապարակել իր անունը: Ահա թե ինչպես է ծագել միտքը. «Հարեւանիս երեխաները խաղում են իմ երեխաների հետ փողոցում, երբ երեխաներս մի օր նրանց տուն էին գնացել, եկան պատմեցին, որ շատ վատ վիճակում է նրանց տունը: Այդ ժամանակ որոշեցի գնալ եւ նայել։ Իրոք՝ շատ վատ վիճակում էր, այնտեղ 3 երեխա են ապրում, մի քանի մեծահասակ, ու որոշեցի ընկերներիցս խնդրել, որ ծնունդիս որեւէ նվեր չբերեն, որովհետեւ ես դրա կարիքը չունեմ: Փոխարենը եկեք միասին այդ տանն ինչքան կարող ենք՝ օգնենք, որ բարվոք վիճակում լինի»: Ներկայումս Հայաստանում բնակվող մեր սփյուռքահայ զրուցակիցը տեղեկացրեց, որ ծննդյան օրերին «նվերները» հասցեափոխելն արտասահմանում շատ ընդունված երեւույթ է. ապահովված մարդիկ իրենց ընտանեկան արարողություններին (հարսանիք, ծնունդ, կնունք) ստանալիք նվերները որոշում են բարեգործությանը ծառայեցնել։ Ասենք՝ որեւէ կրթական հաստատության կառուցմանը կամ մեկ այլ բարի նպատակի։ Լավ կլիներ, որ Հայաստանում եւս այդ մշակույթը կիրառվեր։ Եվ մեր մեծահարուստները թանկարժեք նվերներով իրար հետ չմրցեին, այլ պատեհ առիթը բարեգործության ծառայեցնելու հետաքրքիր մտահղացմամբ էլ նկարվեին։ Մեր զրուցակիցը, օրինակ, վստահ է. «Կգա ժամանակը, որ մեծահարուստներն էլ կհասկանան։ Եթե ոչ իրենք, ապա իրենց երեխաները կհասկանան, երեւի»։