Հրա՛նտ, դու մեզ բա՞ն չունես ասելու…

Հրա՛նտ, դու մեզ  բա՞ն չունես ասելու…

Հրանտ Թոխատյանի հարցազրույցում լրագրողներին, հանրությանը անհանգստացնող մի կետ կա, ու կարծում եմ, դերասանի կողմից լրացուցիչ բացատրություն է պահանջում:
Էրեբունի-Երևան տոնակատարությանն անդրադառնալով՝ Հ. Թոխատյանն ասաց.



«Այս տոնը եղել է ու միշտ էլ պետք է լինի՝ հրավառությունով և ամեն ինչով:. Պիտի նշենք ու չուզողի աչքն էլ պետք է հանենք…»:



Չուզողն ո՞վ է, Հրանտ: Ես չեմ պատկերացնում, որ չուզողը կարող է լինել այն մարդը, ով ասում է՝ Էրեբունի-Երևան տոնակատարության հսկայական գումարը հատկացնենք սահմանամերձ գյուղերին:



Մի՞թե սահմանամերձ տարածքի մասին մտածող մարդը կարող է չուզող լինել: Նման մարդկանց ավելի շատ կարելի է համարել ֆանատներ, երկրին նվիրված, երկիրը սիրող ֆանատներ, ովքեր բոլոր միջոցներն ուզում են ուղղել սահմանների ամրապնդմանը:



Այդ մարդի՞կ են չուզողները, Հրա՛նտ:



Ավելի շատ հակված եմ մտածելու, որ չուզողներ ասելով դերասանը երևի նկատի է ունեցել թշնամուն: Բայց նման տրամաբանության դեպքում թշնամին կտխրի, երբ իմանա, որ ժողովուրդը Երևանի տոնը թողած, իր սահմաններն է ամրապնդում, սահմանամերձ գյուղի բնակչին է մեխում տեղում…



Հենց այս սառը տրամաբանության պարագայում է, որ մնում եմ մոլորված և ուզում եմ հարցնել դերասանին.



Հրա՛նտ, դու մեզ բա՞ն չունես ասելու…



Հասմիկ Բաբաջանյան