Մհեր Անանյանը, փաստորեն, ճիշտ էր ասել

Մհեր Անանյանը, փաստորեն, ճիշտ էր ասել

Մեր տեղեկություններով, մոտ օրերս աշխատանքից ազատվելու է Գնումների աջակցման կենտրոնի պետ Հարություն Թունյանը։ Արդեն հայտնի է կենտրոնի նոր պետի անունը՝ Մհեր Անանյան։ Նա ազատվել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, եւ մոտ օրերս սպասվում է նրա նշանակումը։ Հիշեցնենք, որ Մհեր Անանյանը հայտնի ծանրամարտիկ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանի ընկերոջ որդին է։



«Հրապարակի» հետ զրույցում նա արդեն հայտնել էր, որ նոր եւ «իրեն հարմար» առաջարկ է ստացել, որի համար լքում է հարազատ նախարարությունը։ Փաստորեն, խոսքը Գնումների աջակցման կենտրոնի պետ նշանակվելու մասին էր։ Անանյանի ընտրությամբ կառավարությունը ցույց տվեց, որ ձգտում է կոռուպցիոն մեծ ռիսկեր պարունակող այս մարմինը հանձնել մաքուր կենսագրություն ունեցող մեկին։ Հիշեցնենք, որ Գնումների աջակցման կենտրոնը, որպես կանոն, Գագիկ Բեգլարյանի ազդեցության տակ է եղել։



Հարություն Թունյանը, որի պաշտոնանկության մասին խոսվում էր վերջին մի քանի ամիսներին, համակարգի հին աշխատող էր եւ նախկին պետի՝ Արթուր Առաքելյանի տեղակալը։ Արթուր Առաքելյանը ներկայում տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի տեղակալն է եւ նրա մերձավորներից։ Իսկ նրանից առաջ գնումների գործակալությունը ղեկավարում էր Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը, որին վարչապետ Տիգրան Սարգսյանն ազատեց աշխատանքից խախտումների եւ վարչարարության աղաղակող թերությունների համար։



Սյուզան Սիմոնյան