Առաջին հայկական բնական կոսմետիկան. Նաիրիան

Առաջին հայկական բնական կոսմետիկան. Նաիրիան

<Նաիրիան>,-այսպես է կոչվում Հայաստանի առաջին ամբողջովին բնական կոսմետիկայի ընկերությունը, որն այսօր հայ հանրությանը ներկայացրեց իր առաջին տեսականին 25 անուն ապրանքներով՝ խոնավեցնող քսուքներ, շիճուկներ, կրեմներ, օճառներ, ինչպես նաեւ հատուկ միջոցներ վնասված մազերի եւ կորյակների հակված մաշկի համար։ Ընկերության խանութ սրահի պաշտոնական բացումից առաջ, որը գտնվում է <Էլիտ Պլազա> կենտրոնում, հիմնադիրներ Արա եւ Անահիտ Մարկոսյանները հանդիպեցին լրագրողների հետ եւ ներկայացրեցին կոսմետիկայի պատրաստման եւ նրանց ծրագրերի հետ կապված մի քանի մանրամասներ։ 2 տարի առաջ Կալիֆորնիայից հայրենադարձված զույգը գրեթե 4 տարի շարունակական ներդրումներից եւ ջանքերից հետո կարողացավ ստեղծել մի ընկերություն, որն ինչպես իրենք են նշում՝ տալիս է միայն <կանաչ արտադրություն>, այսինքն բուսականի վրա հիմնված կոսմետիկ պարագաներ՝ սկզբունքորեն հրաժարվելով արհեստական նյութերից ու կոնսերվանտներից։



Ամուսինները նշեցին, որ Հայաստանը ունիկալ բնակլիմայական պայմաններ ունի, որտեղ աճող բույսերը պիտանի են հատկապես եթերային յուղերի համար․ <Հայաստանում կան մեծ հնարավորություններ ստանալու կոսմետիկայի համար բազային յուղեր>,-ասում է մասնագիտությամբ ֆիզիկոս Անահիտ Մարկոսյանն ու հավելում, որ ֆիզիկոսներից, քիմիկոսներից բաղկացած գիտական մեծ ներուժ է աշխատում իրենց հետ եւ ցանկացած կոսմետիկ միջոցի բաղադրությունը գրված է տուփերի վրա․ <Ամեն ինչ մենք ենք անում, սկսում ենք սերմերից, աճեցնում ենք այն, հետո ստանում ենք յուղերը։ Տեխնոլոգիաները, ֆորմուլաները նույնպես մենք ենք մշակել>,-ընդգծում է Անահիտ Մարկոսյանն ու նշում, որ թե դաշտում, թե լաբորատորիայում նախընտրում են սարքավորումների եւ պարագաների վերաօգտագործումը եւ ոչ թե փոխարինումը, իսկ ընկերության մշակելի հողատարածքը գտնվում է Արագյուղում, որտեղ վերահարմարեցնելով սովետական շրջանի կարի ֆաբրիկան վերածել են այն ժամանակակից կոսմետիկայի արտադրության պահանջներին համապատասխանող կառույցի։



Արա Մարկոսյանն էլ անդրադառնալով ընկերության անվանմանը, նշեց, որ երկար են մտածել անվան շուրջ, որպեսզի այն չսկսվի ոչ <Արմ-ով>, ոչ էլ <Հայ-ով>, արդյունքում կանգ են առել <Նաիրիան> տարբերակի վրա, որը թե աջից ձախ, թե ձախից աջ կարդացվում է նույն կերպ եւ իր մեջ հիշեցում ունի նաեւ նաիրիան աղջիկների մասին, որոնց գեղեցկության համար էլ ստեղծում են բնական եւ գեղեցիկ կոսմետիկա։ Բաղադրաբույսերից մինչեւ փաթեթավորում ընկերությունը վերահսկում է արտադրության ողջ ընթացքը՝ պատրաստելով իր հիմնական բաղադրիչները եւ յուրաքանչյուր փուլում ապահովելով դրանց որակը։ Ինչ վերաբերում է կոսմետիկ միջոցների գներին, ապա քանի որ դրանք իրենց պատրաստման բոլոր փուլերում բաղկացած են էկոլոգիապես մաքուր եւ բնական բաղադրիչներից, ապա ինքնարժեքը բավականին թանկ է։