Բժիշկները Նարեկին վերադարձրին խոսելու ունակությունը

Բժիշկները Նարեկին վերադարձրին խոսելու ունակությունը

5-ամյա Նարեկը ծնված օրվանից հասակակիցների պես չի կարողացել իր առաջին՝ «մամա», «պապա» բառերն արտաբերել: Երեխան տարիներ ի վեր զրկված է եղել բառեր արտասանելու, խոսելու հնարավորությունից: Նարեկին մայրը լույս աշխարհ է բերել լեզվական ապարատի խնդիրներով: Երեխան ծնվել է լեզուն քիմքին կպած:



Սակայն արդեն քանի օր է՝ Նարեկի ծնողները վայելում են իրենց փոքրիկի թոթովանքը: Նրան խոսելու ունակությունը վերադարձրին այս օրերին Հայաստանում գտնվող ԱՄՆ-ից ժամանած «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի մասնագետները: Կողբ գյուղի բնակիչ Նարեկն առաջին փոքրիկն էր, որ Նոյեմբերյանի հիվանդանոցում ենթարկվեց դիմածնոտային վիրահատության: Այս օրերին սահմանամերձ մարզում հյուրընկալված բժիշկներն արդեն հասցրել են դիմածնոտային մի քանի բարդ վիրահատություններ կատարել: Իսկ Լիլիթի դեպքը նրանք գնահատում են որպես աննախադեպ վիրահատական միջամտություն: Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչ 35-ամյա Լիլիթը, որը երեք երեխաների մայր է, մեկ գիշերում կորցրել էր խոսելու ունակությունը: Նախկինում դիմածնոտային որեւէ խնդիր չունեցող կինը մի առավոտ հայտնաբերել է, որ չի կարողանում բերանը բացել-փակել, խոսել եւ ուտել: Հարազատները նրան կերակրել են ձողի միջոցով: Բժիշկները պարզել են, որ տիկնոջ մոտ բերանի մկանային, հոդային խանգարում է տեղի ունեցել: Արտերկրից ժամանած մասնագետները մի քանի ժամ շարունակ բարդ վիրահատություն են իրականացրել եւ հոդերի տեղափոխում կատարել, ինչի արդյունքում Լիլիթն արդեն կարողանում է բերանը նորմալ բացել:



«Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի շուրջ չորս տասնյակ մասնագետները սահմանամերձ Տավուշի մարզ են ժամանել Նոյեմբերյանի հիվանդանոցում տեղի եւ հարակից գյուղերի բնակիչներին օգնելու, բուժօգնության որակը բարձրացնելու նպատակով:



ԱՄՆ-ից եկած բժիշկները, որոնց թվում են հայ եւ օտարազգի հայտնի սրտաբաններ, մանկաբույժներ, անեսթեզիոլոգներ, վիրաբույժներ եւ նեղ մասնագիտացում ունեցող այլ բժիշկներ, հնգօրյա այցի շրջանակներում սպասարկում են բուժօգնության կարիք ունեցող բնակիչներին:



Նոյեմբերյանի կլինիկա հյուրընկալված բժիշկներն այս օրերին նաեւ լեղապարկի եւ այլ օրգանների վիրահատություններ են կատարել, լայնածավալ ախտորոշիչ հետազոտություններ անցկացրել, համայցեր կատարել ու խորհրդատվություն մատուցել: ԱՄՆ-ից ժամանած մեր հայրենակից բժիշկներին հատկապես ոգեւորում է այն միտքը, որ օգնելու են եկել սահմանամերձ բնակավայրին եւ կանգ են առել մի հիվանդանոցի վրա, որը մոտ է զինվորին, եւ իրենց հետ բերած սարքավորումներն ու փորձն էլ միայն հզորացնելու են այս բուժհիմնարկի կարողությունները: «Աստված մի արասցե, եթե վաղը պատերազմ լինի կամ մեկ այլ արտակարգ դեպք պատահի, կկարողանանք գոնե մեր զինվորներին հասցնել հիվանդանոց»,-ասում են նրանք:



Նրանց մտահոգում է նաեւ այն, որ սարքավորումների կամ մասնագետների պակասի պատճառով մարդիկ ստիպված են լինում հասնել մայրաքաղաք, մինչդեռ հիվանդանոցին օգնության ձեռք մեկնելու պարագայում շատերը չեն մեկնի եւ տեղում բուժօգնություն կստանան:



Մոտ ապագայում Նոյեմբերյանի հիվանդանոցն ու «Գլենդեյլ Ադվենտիստ»-ը կդառնան քույր կառույցներ:



Մինչ սահմանամերձ մարզ մեկնելը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ընդունելով ԱՄՆ-ից ժամանած «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի բժիշկներին, նրանց ներկայացրեց ոլորտում առկա խնդիրները, իրականացվող ծրագրերն ու բարեփոխումները, ինչպես նաեւ վերջին մեկ տարում արձանագրված ձեռքբերումները։



Ծանոթացրեց 2015թ. մեկնարկած սկրինինգային, սոցփաթեթի շահառուների տարեկան կանխարգելիչ զննումների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրից բխող սրտի անհետաձգելի վիրահատությունների կյանք փրկող եւ այլ ծրագրերին։



«Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի մասնագետներն իրենց փորձին ու հմտություններին հաղորդակից են դարձրել Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմին:



ՀՀ առողջապահության նախարարության կողմից հավատարմագրված առաջատար մասնագետների խումբը եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Նոյեմբերյանի բժշկական կենտրոնին նվիրաբերել են մեծ քանակությամբ բժշկական սարքավորումներ, այդ թվում՝ անեսթեզիոլոգիական սարքեր, դեղորայք, ինչպես նաեւ ժամանակակից հագեցվածությամբ երկու շտապօգնության մեքենա:



Չնայած բժիշկների գերծանրաբեռնված աշխատանքային ռիթմին, այցելուների մեծ հոսքին, նրանք սահմանամերձ մարզի բնակչությանը բժշկական ծառայությունները մատուցում են սիրով եւ մեծ պատրաստակամությամբ:



ՀՀ առողջապահության նախարարության եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությունն առաջին իսկ օրվանից տավուշցիներին անտարբեր չի թողել:



Նշենք նաեւ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը մինչեւ 2010 թվականն իրականացրել է Նոյեմբերյանի շրջանային հիվանդանոցի ամբողջական վերակառուցում:



Այս հիվանդանոցն սպասարկում է Նոյեմբերյան քաղաքի եւ շրջակա 30 գյուղի բնակչությանը:



«Հայաստան» համահայկական հիմնադրամի պատասխանատուների ներկայացմամբ, առաքելության ընթացքում ավելի քան 800 այցելու է զննվել, կատարվել է 40 վիրահատություն: «Դռները բաց են եղել բոլոր ցանկացողների առաջ»,-ուրախությամբ փաստում են ԱՄՆ-ից ժամանած մասնագետները:



Առաքելության նախաձեռնողը «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի նախագահ Քեւին Ռոբերտսն է, որը Հայաստանի առողջապահական համակարգին սկսել է աջակցել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո։ Սա մասնագետի 6-րդ այցն է Հայաստան:



Այս տարվա մայիսին փոքր խմբով մեր երկիր այցելության ընթացքում նա մանրամասն ծանոթացել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի հագեցվածությանը եւ կարիքներին:



Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի հետ «Գլենդեյլ Ադվենտիստը» դեռ մինչ այցը հաղորդակցվում էր հեռակապի միջոցով։



Ամերիկացի բժիշկները վստահեցնում են, որ համագործակցությունը շարունակական կլինի: Համենայնդեպս, առաջիկա հինգ տարում նախատեսվում են նաեւ մասնագետների ու փորձի փոխանակումներ:



Անի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ