Ստամբուլն արյան ծով սարքել պետք չէ

Ստամբուլն արյան ծով սարքել պետք չէ

Նոյեմբերի 24-ին ռուս-թուրքական օդային միջադեպից հետո, մինչ ամբողջ աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի ահազանգ է հնչեցնում, Հայաստանում պատմական հայրենիքը վերադարձնելու հայրենասիրական բուռն զգացումներն են գլուխ բարձրացրել:



Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին ռուսական ռազմական СУ-24 օդանավը խոցելուց հետո երեկ երեկոյան «Ռոսիա 1» հեռուստաալիքով տեղի ունեցած «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեռուստաբանավեճի շրջանակներում Վլադիմիր Ժիրինովսկին, Թուրքիայի դեմ սկսված հակագրոհների շրջանակներում, սպառնալից հայտարարություններ էր արել՝ խոսել հայերի մասին՝ հիշեցնելով հայոց հարցի, ցեղասպանության եւ այն մասին, թե ինչպես են հայերը կարոտով նայում Արարատին։ «Եթե մենք թույլ տայինք, նրանք 100 տարի առաջ կվերցնեին իրենց տարածքները»,- ասել էր նա՝ հույսեր արթնացնելով համայն հայության որոշ շրջանակներում, որոշներում էլ՝ զվարճանք։ Երեկ համացանցում անգամ քննարկում էին՝ առաջիկայում բնակարան գնել Վանո՞ւմ, Կարսո՞ւմ, թե՞ Էրզրումում…



Իր օդանավի հետ կատարվածից անմիջապես հետո պաշտոնական Ռուսաստանը հայտարարեց, որ հետեւանքները Թուրքիայի համար լինելու են անխուսափելի: Դեպքից ժամեր անց անմիջապես չեղյալ հայտարարեց Ստամբուլում ծրագրված ռուս-թուրքական գագաթնաժողովը: Առաջին տնտեսական պատժամիջոցը եւս չուշացավ. երեկ ՌԴ-ն արգելեց թռչնամսի ներկրումը, որից Թուրքիան մեծ օգուտներ էր քաղում:



Ռուսաստանի խոշորագույն զբոսաշրջային օպերատորներից մեկը՝ «Նատալի Տուրզ» ընկերությունը, դադարեցրեց Թուրքիա՝ Անթալիա ուղեգրերի վաճառքը:



Իսկ ԱՄՆ նախագահը նկատեց, որ «Թուրքիան բոլոր երկրների նման իրավունք ունի պաշտպանել իր տարածքները, օդային սահմանը»:



Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի միջեւ լայնածավալ հակամարտությունների եւ Հայաստանի վրա դրա հնարավոր ազդեցության մասին վերլուծաբանների գնահատականները տարբեր են:



«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը վստահ է, որ ռազմական լայնածավալ գործողություններ ընդդեմ Թուրքիայի Ռուսաստանը չի կիրառի:



Նա համոզված է նաեւ, որ Թուրքիայի կողմից ռուսական օդանավի կործանումը շատ լավ կազմակերպված է եղել ՆԱՏՕ-ի անդամ որոշ պետությունների կողմից, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի: Կարապետյանն ուշադրություն է հրավիրում կատարվածից ժամեր անց Օբամայի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպման ու ԱՄՆ նախագահի հայտարարության վրա:



«Թուրքիան, որ մասնակցում է այս սադրանքներին, ի՞նչ է դրա տեղը հետո ստանալու: Ես չգիտեմ: Իհարկե, ունեմ նկատառումներ, թե ինչ ակնկալիքներ ունի Թուրքիան, բայց դրանք դեռ նկատառումներ են, որոնք պահանջում են բավականաչափ լուրջ ինֆորմացիայի վրա հիմնված վերլուծություն: Մենք, ունենալով ղարաբաղյան հիմնախնդիր եւ շատ այլ հարցեր, կարեւոր է, որ իմանանք, թե Թուրքիան իր արածի փոխարեն ինչ է արդեն բանակցել ափից այն կողմ գտնվող երկրների հետ»: Կարապետյանի խոսքով՝ ի վերջո, Թուրքիան շատ լավ է հասկանում, որ այդ ակտից հետո տնտեսական ահռելի կորուստներ է ունենալու, նվազագույնը՝ 35-41 միլիարդ դոլարի: Հիմա, ըստ մեր զրուցակցի, կարեւոր է, որ Հայաստանի իշխանություններն «ապուշ արտահայտություններ չանեն եւ ավանտյուրաների մեջ չներքաշվեն». «Հայաստանը կարող է թիրախավորվել նման դեպքում, նաեւ՝ եթե ռուսական ռազմաբազան օգտագործվի որոշ գործողությունների համար: Ստամբուլն էլ արյան ծով սարքել պետք չէ»:



Քաղաքագետ Սարո Սարոյանը չի շտապում վերլուծություններ անել Հայաստանի վրա ազդեցությունների վերաբերյալ եւ ընդհանրապես. «Դեռ Թուրքիան իր վրա ազդեցությունները չի կարողանում պարզել, Ռուսաստանը՝ ինքն իր վրա, Թուրքիան էլ դեռ չգիտի, թե ինչու այսպես եղավ, Ռուսաստանն էլ չի կողմնորոշվում, թե ինչպես վարվի:



Այնպես որ, դեպքերի ընթացքը պարտադրում է մի քանի օր համբերել եւ հասկանալ՝ Ռուսաստանը գերտերությո՞ւն է, թե՞ գերտերություն չէ, նման կարգի մարտահրավերներին կարողանո՞ւմ է պատասխանել, թե՞ ոչ, ինչ է կարողանում իրականացնել, ինչը՝ ոչ: Խոցված ինքնաթիռն ինչ քաղաքականության արդյունքում խփվեց: Առաջին հերթին հենց քաղաքականությունն իրականացնող երկրների մոտ կան նման հարցադրումներ, վերլուծական միտքը, հետեւապես, ստիպված է հետեւել գործընթացներին»: Թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը նույնպես կարծում է, որ քանի դեռ Ռուսաստանը «դադար» է վերցրել, դեռեւս դժվար է ինչ-որ կանխատեսումներ անել: