Թուրքիայի չհայտարարված պատերազմը

Թուրքիայի չհայտարարված պատերազմը

Հարված թիկունքից: Հենց այսպես բնորոշեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թուրքական F-16 ռազմական օդանավի կողմից ռուսական Су-24-ի վրա կատարված հարձակումը, որը, ինչպես գիտենք, ավարտվեց Սիրիայի տարածքում վերջինիս կործանումով: Օդաչուներից մեկը զոհվեց, մյուսի տեղն անհայտ է, օգնության հասած ուղղաթիռը վնասվածքներ ստացավ ահաբեկիչների կողմից, ռուս հատուկջոկատայիններից մեկը զոհվեց այդ գործողության ժամանակ, մյուսներին տարհանեցին ինքնաթիռի անկման վայրից: Ահա այն ամենը, ինչ արեց Թուրքիան, եւ այն ամենը, ինչ ենթադրվում է, որ պետք է ունենա հետեւանքներ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սա գնահատեց հարված թիկունքից: Ինչո՞ւ հենց այդպես: Մի՞թե ռազմական գործողությունների թատերաբեմում կարելի է բացառել նման միջադեպերը: Մեր կարծիքով՝ Ռուսաստանն ամենաքիչը հենց Թուրքիայից էր սպասում նման քայլ՝ հաշվի առնելով այդ երկրների գրեթե բարեկամության վերաճած հարաբերությունները: Եվ հանկարծ բարեկամ երկրի ղեկավարները, փոխանակ Մոսկվայի հետ կապվելու, հավարը գցում են ՆԱՏՕ-ին: Գրեթե համոզված ենք՝ Պուտինը սա ընդունել է որպես անձնական վիրավորանք, մանավանդ, որ բոլորովին վերջերս էր Էրդողանի հետ համաձայնություններ ձեռք բերել մարտական թռիչքների նախազգուշացման հարցով:



Պուտինն արդեն հայտարարել է, որ կլինեն հետեւանքներ՝ չնշելով, թե ինչպիսի: Սա առաջին հերթին նշանակում է, որ միջադեպն ամենեւին էլ չի շեղել Ռուսաստանի ուշադրությունն այս պահի կարեւորագույն հարցից՝ Սիրիայի խնդրից եւ այդ համատեքստում «ԻՊ»-ի դեմ պայքարից: Սա նաեւ նշանակում է Թուրքիային մատնել որոշակի մտատանջությունների, որովհետեւ այսօր խիստ դժվար է այս երկրների փոխհարաբերություններում գտնել մի ոլորտ, որտեղ նրանք չեն համագործակցում, եւ որտեղ Թուրքիան հսկայական կախվածություն չունի Ռուսաստանից: Սկսած զբոսաշրջությունից մինչեւ խողովակաշարեր: Եվ հայտնի չէ, թե հատկապես որ ուղղությամբ ի հայտ կգան Պուտինի խոստացած հետեւանքները:



Եթե թուրքական էքսպորտը դեպի Ռուսաստան հիմնականում հագուստեղենն է եւ արդյունաբերական ապրանքները, որոնք Ռուսաստանը հեշտությամբ կփոխարինի այլ երկրներից ներկրումների ծավալներն ավելացնելով, ապա Թուրքիան շատ ավելի լուրջ կախվածության մեջ է ռուսական իմպորտից:



Առաջին հարվածը, կարելի է ասել, Թուրքիան արդեն իսկ ստացավ: Ռուսական զբոսաշրջության օպերատորներին հրահանգվեց կասեցնել դեպի Թուրքիա փաթեթների վաճառքը, եւ դա բացատրվեց Թուրքիայում ահաբեկչության սպառնալիքի աճով, ինչը նշանակում է, որ ՌԴ արտգործնախարարության կոչին՝ չգնալ Թուրքիա, կարձագանքեն ոչ միայն ռուս զբոսաշրջիկները, այլեւ եվրոպացիներ, ասիացիներ եւ ամերիկացիներ: Հուսանք՝ նաեւ հայեր:



Ռուսական լրատվամիջոցները, ոչ պատահաբար, իհարկե, Թուրքիային այսօր հիշեցրել են երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալները, որ 2020 թվականին ծրագրվում էր հասցնել մինչեւ 100 միլիարդ դոլարի, ինչից հետո Ռուսաստանը կդառնար Թուրքիայի գլխավոր տնտեսական գործընկերը:



Ռուսաստանից նավթի եւ գազի մատակարարումները հատուկ տեղ են գրավում թուրքական ներմուծումների շղթայում: Բավական է նշել, որ միայն «Երկնագույն հոսքն» ապահովում է Թուրքիայի պահանջարկի 57 տոկոսը, իսկ մնացածը տալիս են Իրանը, Ադրբեջանը եւ Ալժիրը, ընդ որում՝ առաջին երկուսի հետ Ռուսաստանն ունի հատուկ հարաբերություններ եւ ցանկության դեպքում կարող է լուրջ խոչընդոտներ հարուցել նաեւ այդ խողովակաշարերի հարցում:



Քիչ չեն նաեւ Թուրքիայի վրա ազդելու Ռուսաստանի ոչ տնտեսական լծակները: Օրինակ՝ հայտարարել, որ կոչնչացվեն թուրքական բոլոր ինքնաթիռները, որոնք ոչ լեգալ ճանապարհով կհատեն Սիրիայի սահմանը: Բացի ինքնաթիռները՝ Ռուսաստանը կարող է առանց նախազգուշացման խոցել այն բոլոր թիրախները, որոնք Սիրիայում կսպառնան իր զինվորականների կյանքին:



Վերջապես՝ Մոսկվան կարող է վերանայել Թուրքիայի ստատուսը՝ բարեկամական երկրից նրան դարձնելով թշնամական երկիր: Կրեմլում կարող են հիշել Թուրքիայի տարածքի քրդերի հերոսական պայքարը՝ հանուն ինքնորոշման: Դա հաստատ էլ ավելի կոգեւորի քրդերին, մանավանդ, եթե Ռուսաստանը նրանց հայտարարի ահաբեկչության դեմ պայքարում իր դաշնակիցը: Քրդական սցենարի իրականացումը Թուրքիային կարող է դնել շատ ծանր իրադրության մեջ: Թուրքիան կարող է վերածվել երկրորդ Սիրիայի, որտեղ պետությունը պայքարում է զինված ընդդիմության խոշոր ուժերի դեմ:



Ամփոփելով ասենք, որ այսօր Անկարայի «Զրո խնդիր հարեւանների հետ» կարգախոսը վերածվել է «Ոչ մի հարեւան, որի հետ խնդիր չունենանք» կարգախոսի: Իսկ սա արդեն հղի է լրջագույն հետեւանքներով ոչ միայն Թուրքիայի ռեգիոնալ նկրտումների, այլեւ այդ պետության հետագա գոյության համար: