Բաքուն շահագրգռված չէ հակամարտության խաղաղ կարգավորմամբ. ԼՂՀ ԱԳՆ խոսնակ

Բաքուն շահագրգռված չէ հակամարտության խաղաղ կարգավորմամբ. ԼՂՀ ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանը շարունակում է հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, ինչը վկայում է այն մասին, որ պաշտոնական Բաքուն ամենևին շահագրգռված չէ հակամարտության խաղաղ կարգավորմամբ, ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Սարգսյանը՝ պատասխանելով «Արմենպրես» գործակալության հարցին՝ թե ինչպե՞ս կարելի է մեկնաբանել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները դեկտեմբերի 19-ին Բեռնում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների մշակումը, իսկ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը մնում է լարված։



- Դրական ենք համարում, որ նախագահների հանդիպման գլխավոր թեմաներից է եղել շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված առաջարկները՝ ներառյալ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների մշակումը։



Մենք մշտապես հանդես ենք եկել նման մեխանիզմների մշակման և իրականացման օգտին, ինչը թույլ կտա բացահայտելով լարվածության սրման իրական մեղավորին, վերջ դնել բոլոր շահարկումներին։ Իսկ դա իր հերթին կնպաստի շփման գծում իրավիճակի կայունացմանը և կստեղծի կառուցողական մթնոլորտ բանակցություններ վարելու համար։



Հուսով ենք՝ միջազգային հանրությունը հետևողական կլինի այս մեխանիզմները կյանքի կոչելու գործում։



Ցավոք, այն փաստը, որ նույնիսկ հանդիպումից հետո Ադրբեջանը շարունակում է հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, վկայում է այն մասին, որ պաշտոնական Բաքուն ամենևին շահագրգռված չէ հակամարտության խաղաղ կարգավորմամբ։