ՍԴ-ն կօգտագործի՞ պատմական պահը

ՍԴ-ն կօգտագործի՞ պատմական պահը

Սահմանադրական հանրաքվեի արդյունքները չեղյալ հայտարարելու գործընթացը դեռեւս ուժի մեջ է: Ուրբաթ օրը՝ աշխատանքային օրվա ավարտից 20 րոպե առաջ, Սահմանադրական դատարանը չընդունեց ՀԱԿ-ի՝ հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմումը, որը դատարան էր բերել կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը: Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը չընդունեց նաեւ մի խումբ քաղաքացիների, վստահված անձանց, դիտորդների ու լրատվամիջոցների դիմումը՝ պատճառաբանելով, թե աշխատանքային օրն ավարտվել է։ ՍԴ-ից երեկ էլ հայտարարեցին, որ այս հարցով որեւէ դիմում չեն ստացել։ «Դիմումներն ուղարկել ենք դեկտեմբերի 18-ին, եւ արանքում ընկել է շաբաթ-կիրակի, նորմալ է, հնարավոր է այսօր-վաղն ստանան մեր դիմումները, սպասենք»,- մեզ հետ զրույցում հույս հայտնեց Տիգրան Եգորյանը: 



«Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցությունը չկարողացավ հավաքել անհրաժեշտ 27 պատգամավորի ստորագրությունը՝ Ազգային ժողովի անունից Սահմանադրական դատարան դիմելու համար։ Սահմանադրության 101-րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեին առնչվող հարցերով Սահմանադրական դատարան կարող են դիմել ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը եւ խորհրդարանի անդամների 1/5-ը: Բայց սա, ըստ Եգորյանի, «չի նշանակում, որ 101-րդ հոդվածը կարող է խոչընդոտել Սահմանադրության մյուս հոդվածները, մասնավորապես երկրորդ հոդվածը, համաձայն որի՝ ժողովուրդն իր իշխանությունն իրացնում է հանրաքվեի միջոցով»: Մինչդեռ ՍԴ-ն էլ իր հերթին է պարզաբանում, որ, բացի 101 հոդվածով նախատեսված սուբյեկտներից, ՍԴ-ն իրավունք չունի այլ գործեր քննության առնել։ «Տարբեր լրատվամիջոցներով, այսպես կոչված, «հեղինակավոր իրավաբանների» խորհրդով տեղեկատվություն է տարածվել, որ ՀՀ սահմանադրական դատարանը Սահմանադրության 100-րդ հոդվածով նախատեսված լիազորությունների շրջանակներում ցանկացած գործ կարող է քննության առնել՝ անկախ այն բանից, թե Սահմանադրության 101-րդ հոդվածով նախատեսված սուբյեկտ է դիմողը, թե` ոչ: Նման «մեկնաբանությունը» պարզապես ապատեղեկատվություն է»,- այսպիսի հաղորդագրություն է տարածել ՍԴ-ն:



Անդրադառնալով հաղորդագրությանը՝ Տիգրան Եգորյանը կարծիք հայտնեց, որ առհասարակ ՍԴ որեւէ հաղորդագրություն իրավաբանական արժեք երբեւէ չի ունեցել, չունի այս մեկն էլ. «Օրինակ, 2014թ. կուտակային կենսաթոշակային բաղադրիչի վերաբերյալ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի հայտարարությունները... եթե ՍԴ անդամի հայտարարությունն ուժ չունի, ապա որեւէ հաղորդագրություն էլ արժեք չունի»: Հիշեցնենք, որ անցած տարի, ապրիլի 2-ին Թոխյանը հայտարարեց, թե ՍԴ որոշումից հետո կուտակային պահումներ կատարելն «անմտություն» է, հետո նրա հարցազրույցն անհետացավ հեռուստաարխիվից, իսկ ձեռնարկատերերն էլ շարունակեցին կուտակային գումարների պահումները:



Եգորյանը ներկայացրեց ՍԴ դիմելու հիմնավորումները։ «Գործող Սահմանադրության երկրորդ հոդվածի համաձայն, ժողովուրդն իր իշխանությունն իրացնում է հանրաքվեի միջոցով, այսինքն՝ 101 հոդվածում նշված սուբյեկտներն իրացնում են իրենց ընտրողներին պատկանող իրավունքները, ապահովում ընտրողների իրավունքները՝ որպես նրանց ներկայացուցիչներ: Այդ իրավունքները, ըստ 2-րդ, 4-րդ եւ 30-րդ հոդվածների, պատկանում են քաղաքացիներին: 2-րդ հոդվածի համաձայն՝ ընտրելու եւ հանրաքվեի միջոցով ժողովրդաիշխանության իրացման բաղադրիչ է ոչ միայն բուն ընտրությունը, քվեարկությունը, դրան մասնակցությունը, այլ նաեւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը, դրա վավերականության եւ օրինականության նկատմամբ վերահսկողությունը եւ այդ կապակցությամբ 18-րդ հոդվածի հիման վրա դատական իրավունքի պաշտպանությունը: Իրավունքն ինքնին ենթադրում է նաեւ դրա ապահովում:



Բնական իրավունք է նաեւ մարդու իրավունքի պաշտպանության իրավունքը: Այդ իրավունքն անմիջականորեն իրացվում է որոշ պետական մարմինների կողմից, եւ կոնկրետ հանրաքվեի դեպքում դրա իրականացման եւ հանրաքվեի օրինականության նկատմամբ վերահսկողության միակ լեգիտիմ ատյանը դա ՍԴ-ն է, որը, ըստ ՍԴ օրենքի, պարտավոր է ապահովել Սահմանադրության անմիջական գործողությունը»,- մանրակրկիտ բացատրեց փաստաբան Եգորյանը:



«Այսինքն՝ եթե 101-րդ հոդվածի ետեւում թաքնվի Սահմանադրական դատարանը, սա ցույց կտա դատարանի անգործունակությունը, ընդ որում՝ կամավոր անգործունակությունը: Ժողովուրդը պետք է իմանա, որ Սահմանադրական դատարանը հրաժարվում է կատարել եւ ապահովել Սահմանադրությամբ հռչակված իրավունքները»,- շարունակեց Եգորյանը: Մեր հարցին՝ եթե հնարավոր էր առանց 27 ստորագրության ՍԴ դիմել, ինչո՞ւ էր ՀԱԿ-ը նման նախաձեռնություն սկսել։ Փաստաբան Եգորյանը նշեց միայն, որ ՍԴ երկու դիմում է ուղարկվել․ «Զուգահեռաբար երկու դիմում էր նախապատրաստվել՝ մեկը ՀԱԿ-ի անունից, որին հետագայում միացել են ԱԺ պատգամավորներ, մյուսը՝ դիտորդական առաքելություն իրականացրած 5 հասարակական կազմակերպությունների, առանձին դիտորդների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների եւ ՀՀ մի խումբ քաղաքացիների անունից: ՍԴ-ն, բոլոր դեպքերում, պետք է քննության առնի այս դիմումները»:



Ներկայացված դիմումներով պահանջվում է ստեղծել հանձնախումբ, որը կհավաքագրի բոլոր տեղեկությունների եւ հանրաքվեի խախտումների վերաբերյալ փաստերը, այնուհետեւ դրանք կներկայացնի ՍԴ։ Դատարանն էլ կապահովի դրանց բազմակողմանի քննություն, «կգնահատի դրանց քանակական եւ որակական հատկանիշները եւ արդյունքում կգնահատի դրանց համակարգված եւ փոխկապակցված բնույթը կամ դրա բացակայությունը, դրանց ազդեցությունը քվեարկության, առանձին տեղամասերում, ընտրատարածքներում քվեարկության եւ ամբողջ հանրաքվեի արդյունքների վրա եւ որոշում կկայացնի հանրաքվեի վավերության վերաբերյալ»: ՍԴ-ից ակնկալիքների մասին մեր հարցին Եգորյանը պատասխանեց. «Ակնկալիքներն այն են, որ ՍԴ-ն, հաշվի առնելով իր լիազորությունները, այն բացառիկ եւ անգերագնահատելի պատմական պահը, որը հսկայական նշանակություն ունի Հայաստանի հետագա զարգացման վրա, վարույթ կընդունի, կիրականացնի իր առաքելությունը եւ կքննի բոլոր խախտումներն ու կփարատի հասարակության կողմից բարձրացված այսպիսի ծավալուն եւ մասշտաբային կասկածներ»: Փաստաբանի խոսքով, իրենց դիմումներում ընդամենը 500 տեղամասի, այսինքն՝ 25 տոկոս խախտումների վերաբերյալ արձանագրումներ են ներկայացվել: