Վարչապետը նյարդային էր

Վարչապետը նյարդային էր

Այսօրվա Կառավարության նիստում վարչապետը նյարդային էր: Ակնհայտ էր, որ Կառավարությունը գումարային խնդիրներ ունի: Հովիկ Աբրահամյանը անընդհատ բարձր ձայնով էր խոսում, նկատողություններ էր անում նախարարներին, քանի որ ինչ-ինչ ծրագրեր, նախագծեր ուշացել են: Օրինակ, չեն հասցրել ավարտել Դիլիջանից Պարզ լիճ տանող ճանապարհի շինարարությունը, Ջերմուկի ճեմուղին չեն կառուցել:



Արմավիրի մարզպետարանը տարվա ընթացքում 10 մլն դրամի գերածախս է կատարել հոսանքի համար, օդորակիչներ, համակարգիչներ է միացրել։ ՏԿԱԻՆ փոխնախարար Վաչե Տերտերյանը խնդրեց այս գումարը հատկացնել կրթական ծրագրերի գծով կատարված տնտեսումներից։ Վարչապետը բարկացավ՝ մի 500 հազար լիներ, ուրիշ, 10 մլն-ի մասին է խոսքը։ Նա պահանջեց անպայման բացատրություն ներկայացնել:



Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ բերել էր Ազգային հետազոտությունների պաշտպանական համալսարան ստեղծելու նախագիծը, որի նպատակը երկրի ռազմաքաղաքական ղեկավարության համար կրթական աշխատանքներ իրականացնելն է: Սեյրան Օհանյանը առաջարկեց ստեղծել հիմնադրամ, որը կաջակցի համալսարանի գիտակրթական աշխատանքներին: Հովիկ Աբրահամյանն էլ ասաց, որ եթե լրացուցիչ ֆինանսական բեռ չի նախատեսում, ապա հաստատել։