Իհարկե, բավարարված չէ գյուղացին, նա չի կարողանում իր ակնկալիքը էսօր ապահովել. գյուղնախարար

Իհարկե, բավարարված չէ գյուղացին, նա չի կարողանում իր ակնկալիքը էսօր ապահովել. գյուղնախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր տեղի ունեցած տարեվերջյան ասուլիսում ամփոփեց 2015 թվականը՝ նշելով, թե ինչ են հասցրել անել անցնող տարվա ընթացքում։



Ներկայացնելով նախարարության գործունեության հիմնական արդյունքները՝ նախարարը նախ նշեց, որ Հանրապետության գյուղատնտեսությունում տնտեսավարողների ջանքերով և վարվող պետական աջակցության քաղաքականության արդյունքում գյուղատնտեսության ոլորտում 2015 թվականին գրանցվել են դրական տեղաշարժեր։



«ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ընթացիկ օպերատիվ տվյալներով 2015 թվականի հունվար-նոյեմբերին գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը կազմել է 931.4 մլրդ դրամ, որը գերա¬զանցում է նախորդ տարվա նույն ժամանակա¬հատվածի ցուցանիշը 11.6 %-ով: Տնտեսական աճը, հիմնականում, արդյունք էր գյուղատնտեսությունում տնտեսավարողների քրտնաջան աշխատանքի, որին նպաստեցին նաև բարենպաստ բնակլիմայական պայմանները և ոլորտում իրականացված պետական աջակցության ծրագրերը»,-ասաց նախարարը։



Hraparak.am-ը հիշեցրեց նախարարին, որե վարչապետն ու կառավարությունը իրենցից գոհ էին, քանզի տնտեսական աճը, ինչպես ինքն էլ նշեց, հիմանկանում գյուղատնտեսության շնորհիվ է ապահովվել, բայց գյուղացին, կարծես թե, դժգոհ էր, քանզի ողջ տարին խնդիրներ, բողոքի ակցիաներ, դժգոհություններ։ Ուստի հարցրինք Սերգո Կարապետյանին՝ որքանո՞վ բավարարեցին իրենք վարչապետի և կառավարության պահանջները, որքանո՞վ գոհ մնաց իրենցից գյուղացին, հասարակությունը։
«Ուրեմն մենք ոչ մեկի պահանջները չենք բավարարում, մենք էստեղ քաղաքականություն ենք լուծում։ Որպես ոլորտ և գերատեսչություն՝ մենք քաղաքականությւոն ենք իրականացնում գյուղատնտեսության ոլորտում»,-ասաց գյուղնախարարը։



Նա ապա հիշեցրեց, որ դժգոհություններ միշտ կան և լինելու են։ «Ես մի քանի առիթով ասել եմ էդ մասին և հիմա նորից եմ ուզում կրկնել։ Հիմնական դժգոհություններն ինչի՞ց են գալիս. մենք ունենք 340 հազար մանր գյուղացիական տնտեսություններ, Արարատյան դաշտավայրում մենք համայնքներ ունենք, որտեղ մեկ հողաբաժինը սեփականաշնորհման ժամանակ 6000 քմ է, նույնիսկ 4000 քմ։ Հիմա 4000-ի վրա է գյուղացին ի՞նչ պիտի մշակի, որ ամբողջ տարվա իր եկամուտը կարողանա հայթայթել և իր ընտանիքը կարողանա պահել»,-փորձեց հարցին այսպես պատասխանել գյուղատնտեսության նախարարը։



Հետո նորից նշեց, որ դժգոհությունները միշտ լինելու են, և խնդիրներին լուծում տալը երկարատև գործընթաց է. «Իհարկե, բավարարված չէ գյուղացին։ Գյուղացին չի կարողանում իր ակնկալիքը էսօր ապահովել, իր ընտանիքի ամբողջ տարվա պահանջարկը բավարարել։



Մեր ճշտող հարցին՝ իրենց թերացումը կա՞ր այստեղ, նախարարն ասաց. «Ես արդեն ասացի էդ մասին»։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ