Մարտի 1-ին կլինի ժողովրդի մոբիլիզացիա. Պետրոս Մակեյան

Մարտի 1-ին կլինի ժողովրդի մոբիլիզացիա. Պետրոս Մակեյան

Այսօր Երեւանի Ազատության հրապարակում մամուլի ասուլիս էին հրավիրել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Անդրեաս Ղուկասյանը եւ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։
Անդրեաս Ղուկասյանը տեղեկացրեց, որ ոստիկանության աշխատակիցներն իրենցից շուրջօրյա նստացույցի ժամանակ, գիշերը, առգրավել են մոտ քսան իր, բերման են ենթարկել, իսկ հետո ազատ արձակել յոթ քաղաքացու, որոնցից չորսը կապ չունեն նստացույցի հետ, իսկ նրանցից երկուսն էլ անչափահաս են։ Ոստիկանության գործողությունները, ըստ Անդրեաս Ղուկասյանի, եղել են հակաօրինական։
Նա հայտարարեց, որ պահանջում են ոստիկանությունից վերադարձնել առգրավված գույքը։



Պետրոս Մակեյանն էլ ոստիկանության գործողությունները համեմատեց Նորք-Մարաշում հայտնաբերված «հանցախմբի» վնասազերծման հետ։ «Տպավորություն էր ստեղծվում, որ մի նոր բանդա են հայտնաբերել։ Ոստիկանությունը մեր երկրի ներքին անվտանգությունը հասցրել է զրոյի եւ ծառայում է վարչախմբին»,- ասաց Պետրոս Մակեյանը։ Նա տարակուսանք հայտնեց, թե ինչու մենք պետք է ունենանք 20 հազար ոստիկան եւ առաջարկեց, որ նրանցից 10 հազարը գնան սահման։



Պետրոս Մակեյանը պահանջում է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։ Նրան մտահոգում է, որ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանն անպաշտպան է եւ ճնշման ներքո հրաժարական տվեց։ Մակեյանն առաջարկում է, որ ՄԻՊ-ի պաշտոնը վստահվի կոռուպցիայի մեջ չթաթախված, անվախ մեկին, եւ, որպես օրինակ, տվեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի անունը։ Մակեյանը ակնկալում է, որ մարտի 1-ին ժողովուրդը կհամախմբվի՝ ընդդեմ վարչախմբի եւ մնում է, որ ընդդիմությունը կարողանա այդ օրը համախմբվել։ Նա հիշեցնում է, որ մարտի 1-ից ութ տարի անց էլ չեն պատժվել ոճրագործները։



Անդրեաս Ղուկասյանն ու Պետրոս Մակեյանը այսօր, մինչեւ ժամը 16.00-ն ժամանակ տվեցին ոստիկանությանը, որպեսզի վերադարձնեն առգրավված գույքը, իսկ ժամը 18.00-ին վերսկսելու են իրենց նստացույցը։



Հիշեցնենք, որ ոստիկանությունը ապամոնտաժել էր Ազատության հրապարակում տեղադրված վրանը: