Աշոտյանին տխրեցրել են երեկվա շահարկումները

Աշոտյանին տխրեցրել են երեկվա շահարկումները

Արմեն Աշոտյանը մի կողմից ուրախ է, որ երեկ ամբողջ գիտակից հանրությամբ հետևում էինք ԵԽԽՎ-ում երկու հակահայկական բանաձևերի քննարկումներին, մյուս կողմից՝ տխրել է, որ քննարկումների ավարտից անմիջապես հետո մարդիկ սկսել են ներքաղաքական ճաշակին համապատասխան արտաքին քաղաքական շահարկումներ անել։



«Այս խնդիրը չի կարելի դիտարկել բացառապես օրվա լրահոսի հոգեբանության և տրամաբանության մեջ։ Իհարկե, այն, ինչ որ մենք տեսանք, բնականաբար, դա սառցաբեկորի գագաթն էր։ Ակնհայտ է, որ տարվել է աշխատանք բոլոր կողմերից։ Ակնհայտ է, որ շատ լավ է աշխատել հայկական կողմը, խոսքը չի գնում միայն պատվիրակության մասին, գիտեք, որ այս գործին լծված էր նաև Արտաքին գործերի նախարարությունը, անգամ քաղաքական կուսակցությունները, օրինակ՝ մենք և «Օրինաց երկիրը», ԵԺԿ նախագահին էինք դիմել, դեկտեմբերին Բրյուսելում շատ սուր ելույթ եմ ունեցել ես ԵԺԿ քաղաքական համաժողովին և ստացել ենք այս խնդրով ԵԺԿ նախագահի աջակցությունը»,-այսօր լրագրողներին ասաց ու իր ելույթների մասին պատմեց ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։



Նրա կարծիքով՝ Ուոլթերի զեկույցն ավելի մեծ չարիք էր և ակնհայտ էր, որ Եվրոպական քաղաքական իրական վերնախավը շատ լավ գիտակցում է, որ ղարաբաղյան խնդրի լուծման բացառիկ և միակ հարթակը Մինսկի խումբն է։



«Ակնհայտ է, որ ԵԽԽՎ-ն, բաղկացած լինելով ազգային խորհրդարանների պատգամավորներից, ավելի շատ է տրվում այս կամ այն ազդեցություններին։ Անունը Եվրոպական խորհրդարանական վեհաժողով է, բայց ներկայացված են ոչ թե եվրապատգամավորներ, այլ ազգային մակարդակով ընտրված պատգամավորներ։ Սա նաև, ի դեպ, եվրոպական քաղաքական համակարգի համար է մարտահրավեր։ Որովհետև ստացվում է, որ համաեվրոպական կառույցները ազդեցության մեխանիզմներ քիչ ունեն»,-կարծում է Աշոտյանը և նկատում, որ Ադրբեջանում դժգոհությունը երեկվա քվեարկությունից ավելի մեծ էր։



Հիշեցնենք, որ երեկ ԵԽԽՎ-ում մեզ հաջողվեց տապալել հակահայկական զեկույցներից մեկը՝ «Բռնությունների ահագնացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» վերտառությամբ, որի հեղինակը բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերն էր։ Իսկ Միլիցա Մարկովիչի հեղինակած զեկույցը, որ վերաբերում էր Սարսանգի ջրամբարին, ընդունվեց։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ