Հարեւաններին ջուր ենք տալի՜ս…

Հարեւաններին ջուր ենք տալի՜ս…

Միլիցա Մարկովիչի մասին ինչ ասես, որ չգրեցին` էլ որ Բաքվում կաշառել են, էլ որ շլացրել են, էլ որ խավիար են ուտեցրել: Շոր-մոր էլ առած կլինեն: Իբր այս ամենը քիչ էր, մեր գործընկեր Վահրամ Աթանեսյանն էլ «Հրապարակ» թերթի հունվարի 29-ի համարում մի հետաքրքիր հոդված է գրել եւ շատ անբռնազբոսիկ կերպով վերնագրել` «Ալիեւը մերկացրեց Միլիցային»: Թե հայերեն մտածող մարդու մտքով ինչ է անցնում առաջին պահին, դա չէ էականը, եւ այդ մասին չէ, որ կուզենայինք խոսել: Մեզ ավելի շատ հետաքրքրում են ԵԽԽՎ` Սարսանգի ջրամբարին վերաբերող բանաձեւի հետ կապված (հեղինակ` Միլիցա Մարկովիչ) Հայաստանի եւ ԼՂՀ իշխանությունների բավականին տարբեր գնահատականները: Արցախում տագնապած են, թեման առաջնահերթ է, իսկ Հայաստանում փորձում են ԵԽԽՎ-ում տեղի ունեցածը հաղթանակ կամ, առնվազն, բարոյական հաղթանակ ներկայացնել:



Իմիջիայլոց, հակահայկական երկու բանաձեւն էլ ապուշություն է, եւ մենք չենք կարծում, որ Ադրբեջանում սաստիկ տագնապած են, որ Ուոլթերի բանաձեւը չանցավ, եւ շատ ուրախ են, որ Միլիցա Մարկովիչի բանաձեւն անցավ: Նրանք այդ առումով բավականին պրագմատիկ են մտածում եւ արդեն ձեռնամուխ են եղել քարոզչության մեջ օգտագործել այդ ամենը:



Չմոռանանք նաեւ, որ Ալիեւը մեկ ամիս առաջ, երբ Եվրոպան խոսում էր Ադրբեջանում սկսված բռնությունների մասին, բացեիբաց կրկնեց Թուրքիայի ղեկավարների հայտարարությունը. «Եվրոպան մեզ պետք չէ, մենք ենք Եվրոպային պետք»: Այսպիսի բան հայտարարողը, վստահաբար, ԵԽԽՎ-ի բանաձեւերի հույսին չի մնացել, բայց եթե նա ունի որեւէ բանաձեւ, կարելի է օգտագործել, ինչո՞ւ ոչ: Եվ մեր գործընկեր Վահրամ Աթանեսյանն էլ իր գեղեցիկ վերտառությամբ հոդվածով հաստատում է, որ Ադրբեջանն արդեն սկսել է Սարսանգի ջրամբարի խնդրով պայմանավորված իր քարոզչությունը:



Իսկ ի՞նչ ենք անում մենք այստեղ` Հայաստանում, եւ այնտեղ` Արցախում: Հայաստանում ցույց ենք տալիս, որ այնքան էլ վիրավորված չենք ԵԽԽՎ-ից, որովհետեւ ավելի վատ բանաձեւը չանցավ, բայց մի քիչ էլ նեղացած ենք, որ համեմատաբար ոչ շատ վատ բանաձեւն անցավ: Ոչ շատ վատ այն առումով, որ, լինելով հակահայկական, այնուամենայնիվ, գործնականում չի կարող կիրառվել: Մինչդեռ Արցախում տագնապած են Սարսանգի ջրամբարին վերաբերող բանաձեւից:



Գուցե Արցախում մի բան գիտեն, իսկ Հայաստանում ո՞չ: Ինչո՞ւ պետք է ԵԽԽՎ-ին ու Միլիցա Մարկովիչին քֆուրքյաֆար անեին Ղարաբաղից, եթե Հայաստանում վստահ են, որ այդ բանաձեւն առանձնապես ուժ չունի: Ցույց ենք տալիս, որ Արցախը դժգո՞հ է: Արժե՞ արդյոք:



Իսկ գուցե պետք է, որ մե՞նք սկսենք քարոզչությունը: Օրինակ այսպես` մենք շատ ենք հարգում ԵԽԽՎ-ի բանաձեւը եւ ուզում ենք ջուր տալ Ադրբեջանի պապակած ժողովրդին: Իսկ ինչպե՞ս անենք դա, եթե նույն Ադրբեջանը քանդուքարափ է արել բոլոր կոմունիկացիաները: Հարց չկա, թող գան՝ նստենք-խոսենք, Ստեփանակերտը Բաքվից շատ հեռու չէ: Բա մարդիկ ծարավից կոտորվում են, հումանիտար աղետ է, բա մենք առաջին քրիստոնյա ազգը լինենք, ու մեր հարեւանները ջուր չունենա՞ն: Հո մենք ահաբեկիչ չե՞նք: Նմուշի համար մեկ հատիկ հայ չունենք «Իսլամական պետությունում», բա դա ցուցանիշ չէ՞:



Այդ ե՞րբ է եղել, երբ իր ժողովրդի հումանիտար հարցերով մտահոգ Ադրբեջանի ղեկավարները Ստեփանակերտից վիզա են ուզել, եւ Ստեփանակերտը չի տվել: Լավ, միթե կարելի էր առանց հայ մարդուն ճանաչելու վերցնել ու այդպիսի զեկույց գրել: Խեղճ Միլիցա Մարկովիչ, երեւի ահագին էլ չարչարվել է: Եթե Ալիեւը մենակ չի կարող, թող Ուորլիքի հետ գա Ստեփանակերտ, որ հասկանանք` ինչ է ուզում, առհասարակ: Բակո Սահակյանի դուռը օրը 24 ժամ բաց է, իսկ Սարսանգի ջրամբարի ջրվորները կարող են ջուր բաց թողնել բացառապես Բակո Սահակյանի պեչատով: Օրինականությունն է այդպես պահանջում: Եվ այս հասարակ հարցը դարձրել եք Հոռոմի էն իքը, իսկ մեզ ստիպում եք լրջագույն հոդվածներ գրել այն մասին, թե ինչպես հմայիչ տիկին Միլիցան ու Իլհամն իրար մերկացրին:



Եթե ավելի լուրջ, իսկ այս հարցին լրջորեն մոտենալ պետք է, կարելի է պատասխան բանաձեւերի մասին մտածել: Օրինակ` կարելի է հատուկ բանաձեւ կազմակերպել Հայաստանի սահմանամերձ շրջաններում Ալիեւի եւ նրա ղեկավարած պետության պատճառով պարբերաբար տեղի ունեցող հումանիտար աղետների մասին, որոնց քաջատեղյակ է Մինսկի խումբը, այդ թվում եւ Ջեյմս Ուորլիքը: Հասարակ լոգիկա է, ի վերջո` չի կարելի կրակել, 20 տարեկան տղային սպանել, իսկ հետո ջուր ուզել նրա տնից, չի կարելի մի ամբողջ երկիր շրջափակման ենթարկել, հասցնել հումանիտար ճգնաժամի եզրին ու մի բան էլ պահանջել, որ այդ երկիրը քեզ ջուր տա: Ի՞նչ բարոյական իրավունքով են ջուր ուզում հայերից, երբ Ադրբեջանի ազգային հերոսի միակ հերոսությունը քնած հային կացնահարելն է եղել: Ուզածները ջո՞ւր է, տանք, հարց չկա: Ընդամենը մի բան է պետք դրա համար` մարդ դառնան, թե չէ` բերաններն արնոտ, Միլիցային առաջ տված եկել են, որ ի՞նչ անեն: