Բա էլ ո՞ւր մնաց մեր ավանդույթները, տղուն պատիվ չի բերում, որ աղջիկը ամուսնության առաջարկ անի

Բա էլ ո՞ւր մնաց մեր ավանդույթները, տղուն պատիվ չի բերում, որ աղջիկը ամուսնության առաջարկ անի

Ըստ հին իռլանդական ավանդույթի՝ չորս տարին մեկ օրացույցում հայտնվող փետրվարի 29-ին աղջիկները իրավունք ունեն ամուսնության առաջարկ անել տղաներին, և տղամարդիկ իրավունք չունեն հրաժարվելու: Բայց եթե հրաժարվեն, ապա պարտավոր են տուգանք վճարել 100 £-ի չափով: Տղամարդիկ, եթե Ձեր սիրելի էակին այս օրը տեսնեք կարմիր կիսաշրջազգեստով կամ պարզապես զգեստով, ապա դա կխոսի այն մասին, որ նա հավանաբար ուզում է Ձեզ ամուսնության առաջարկություն անել: Իսկ ինչպե՞ս են իռլանդական այս ավանդույթին վերաբերում հայ աղջիկներն ու տղաները:



Լիլիթը, ով ունի ընկեր, տեղյակ է այս ավանդույթի մասին, սակայն չի պատրաստվում ամուսնության առաջարկություն անել ընկերոջը.«Որովհետև մեր հայ մտածելակերպի մեջ չկա այն հասկացությունը, որ կինը պետք է տղամարդուն առաջարկություն անի, ես համբերատար կսպասեմ կողակցիս կողմից առաջարկության, բայց երբևէ նման քայլի ինքս չեմ դիմի»: Իսկ Անահիտը թեեւ չի պատրաստվում ընկերոջը ամուսնության առաջարկություն անել, այնուամենայնիվ, կարծում է, որ գեղեցիկ ավանդույթ է և հետաքրքիր կլինի, որ Հայաստան նույնպես գա այդ սովորույթը.«Հայ տղաների ռեակցիան չեմ պատկերացնում, չեմ կարող պատկերացնել` ինչպես կարձագանքեն, որովհետև այստեղ հստակ տղաների տեսակներ կան, իսկ եթե չորս տարի հետո ես ամուսնացած չեղա, ինքս կանեմ առաջարկություն»:



Գարիկը դեմ է այս ամենին. «Բա էլ ո՞ւր մնաց մեր ավանդույթները, եթե պիտի գնանք Իռլանդիայի ավանդույթներին տեր կանգնեք, նախ և առաջ էդ տղուն պատիվ չի բերում, որ աղջիկը կանգնի իրեն առաջարկություն անի ամուսնության, հետո էլ եթե տղան գտնի, որ ժամանակն ա ընտանիք կազմելու, էլ իռլանդական բարքերին չի նայի»: Մեզ հետ զրույցում տղաներից մեկը, ով չցանկացավ իր անունը նշել, ասաց, որ իր համար շատ զվարճալի կլիներ այդ պրոցեսը, ու հետաքրքիր` կիմանար, թե ով է իրեն սիրում և ուզում կյանքը իր հետ շարունակել:



Իսկ ինչո՞ւ ոչ: Ի՞նչ տարբերություն, եթե տղան առաջարկում չի անում կամ մտքով անգամ չի անցնում ամուսնության առաջարկություն անել աղջկան, ինչո՞ւ աղջիկը չանի այդ քայլը առաջինը: Այստեղ կարևորը ոչ թե հպարտությունն է, ոչ հայեցի մտածելակերպը, այլ ցանկությունների ազատություն տալն ու երազանքներին հասնելը: Դե, աղջիկներ համարձակ եղեք Ձեր քայլերում, որովհետև վաղն արդեն գարնան առաջին օրն է, իսկ առիթը սարերի ետևում է, չորս տարի սպասել է պետք լինելու:



Աննա Պապիկյան