69.120 րոպե՝ օգնելու քաղցկեղով հիվանդ երեխաներին

69.120 րոպե՝ օգնելու քաղցկեղով հիվանդ երեխաներին

«Լոֆթ» ինքնազարգացման եւ ժամանցի կենտրոնը, ի թիվս բազմաթիվ նախագծերի, արդեն 2-րդ տարին է՝ պահքի շրջանում իրականացնում է բարեգործական մեծ նախագիծ։ «Լոֆթի» տնօրեն Արեւիկ Համբարձումյանը մեզ հետ զրույցում նկատում է, որ կենտրոնն էլ է այդ շրջանում մտնում պահքի մեջ, բայց ոչ թե սննդային իմաստով, այլ փորձում են անել հանրօգուտ, բարի գործեր։ Իրականացվող նախագծի բաղադրիչներից են բարեգործությունը, իրազեկումը եւ ուխտագնացությունները, բոլոր այս 3 ուղղություններով էլ իրականացվում են տարբեր միջոցառումներ։ Նպատակը մեկն է՝ օգնել քաղցկեղով հիվանդ երեխաներին։ Արեւիկ Համբարձումյանի խոսքերով, շատ դժվար էր որոշել, թե ուր պետք է ուղղված լինի բարեգործությունից գոյացած ֆինանսական հոսքը. «Ի սկզբանե գիտեինք, որ չենք անելու որեւիցե սոցիալական հարցի լուծում, մենք հասկացանք, որ մեզ համար կարեւոր է օգնել հենց բալիկներին, դա թիմային որոշում էր»։ 



Կենտրոնն անցած տարվանից համագործակցում է «Bridge of Health» հիմնադրամի հետ, եւ երկուստեք եկան համաձայնության, որ բուժման համար չեն ընտրելու 1 երեխայի, քանի որ այսօր Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաները շատ են, հիվանդության տարատեսակները՝ նույնպես. «Մենք որոշեցինք, որ ամբողջ գումարը կփոխանցվի ֆոնդին, քանի որ ֆոնդն ավելի տեղեկացված է, թե որ բալիկին որ պարագայում ինչ է անհրաժեշտ։



Մենք չէինք կարող անգրագետ ձեւով ծնողին առձեռն գումար տալ, փորձեցինք ավելի իմաստուն, կազմակերպված գտնվել եւ պրոֆեսիոնալ վարվել»։ «Լոֆթում» հավաքված գումարը փոխանցվում է «Bridge of Health» հիմնադրամին, եւ ֆոնդն արդեն ինքն է որոշում, թե որ բալիկին ինչքան գումար փոխանցել. «Ես, որպես «Լոֆթի» ղեկավար, այդ բալիկների բուժման պրոցեսի մեջ չեմ մտնում, եւ դա մեզ պետք էլ չէ, որովհետեւ կա վստահություն ֆոնդի հանդեպ։ Ինձ համար շատ դժվար էր այդ բալիկների հիվանդության պատմությունների մեջ մտնել, շփվել նրանց ծնողների հետ, դրանք այն բալիկներն են, որոնց պոտենցիալ բուժում է պետք, այս պահին ընտրվել են 9 բալիկներ, որոնց բուժում է անհրաժեշտ»։



Եթե անցած տարի նախագիծը կոչվում էր «40 բարության օր», ապա այս տարի՝ «69.120». «Պահքի 48 օրվա շրջանում կա 69 հազար 120 րոպե, չհեռանալով «Լոֆթի» կոնցեպտից՝ մենք փորձեցինք հանրությանը տեղ հասցնել, որ պահքի շրջանում մենք ունենք 69 հազար 120 րոպե՝ օգնելու այն մարդկանց, որոնց մենք ընտրել ենք»։



Անցած տարվա «40 բարության օր» նախագծի շրջանակներում կենտրոնը 4 մլն. դրամ է փոխանցել քաղցկեղով հիվանդ երեխաներին։ «Լոֆթն» իր ծննդյան 1-ամյակի շրջանակներում հավաքած 1 մլն. դրամը նույնպես նվիրաբերել է 3 փոքրիկների բուժման համար, որոնցից մեկն արդեն դպրոց է հաճախում։



Արեւիկ Համբարձումյանն անկեղծանում է եւ նշում, որ առաջին տարում մի քիչ դժվար էր, եւ մտավախություն ունեին, որ հանրության կողմից դա հանկարծ փիառ չընկալվի, բայց եթե երեխայի կյանքի համար պետք է, դիցուք, 1 մլն. հավաքել եւ նրան ուղարկել Մոսկվա՝ բուժման, ապա իրենք ցանկացած գնով պատրաստ են համախմբվել եւ անել ամեն բան։ «Այն, որ բալիկները նկար են նկարում ու մեզ ուղարկում այն պալատից, որտեղ պառկած են, ինձ համար դա մեծ արդյունք է, ուրեմն նրանք տրամադրություն ունեն այդ նկարը նկարելու»։



«Լոֆթի» տնօրենը խուսափում է «կյանք փրկել» արտահայտությունից, ասում է՝ բժշկի եւ Աստծո գործերին չեն ուզում խառնվել, միայն փորձում են ծնողների հոգսը թեթեւացնել եւ փոքրիկների կյանքի որակը մի փոքր լավացնել. «4 մլն. դրամով քաղցկեղով հիվանդ բալիկի կյանքը շատ դժվար կլինի փրկել, մենք նորաստեղծ, ինքնաֆինանսավորվող կառույց ենք, «Լոֆթը» ոչ մի տիեզերական ուժերի կողմից չի ֆինանսավորվում, եւ կենտրոնը, ինքն իրեն պահելով, ամսվա կտրվածքով փորձում է իր չափով անել այն, ինչ կարողանում է»։



Համերգն այն միջոցն է, որով հնարավոր է մարդկանց ներգրավել դեպի բարեգործություն եւ այդ բարեգործությունն անել ուրախ, որովհետեւ, ինչպես նկատում է կենտրոնի տնօրենը, սա այն պրոցեսն է, որ ճնշող է նաեւ իրենց համար, եւ դա անել տխուր դեմքերով եւ վատ էմոցիաներով՝ պետք չէ։ «Ավելի լավ է անել ուրախ, դրական էմոցիաներով, որը, վստահաբար, փոխանցվում է նաեւ բալիկներին»։



Անցած տարի բարեգործական նախագծին միացել են «Միրզոյան կվարտետը», Արա Գեւորգյանը, Լեւոն Մալխասյանը, այս տարի՝ «Colors of music» խումբը, 12 ակումբը, Լիլիթ Պիպոյանը, Լիլիթ Բլեյանը, Հայկ Պետրոսյանը։ Բոլոր արտիստներից էլ միանգամից ստացել են դրական պատասխան։ Այս տարվա համերգները նույնպես շատ մարդաշատ են անցնում։ Տնօրենն ասում է, որ համերգների ժամանակ տեսնում է եւ մշտական, եւ անծանոթ դեմքերի, բայց տեսնում է նաեւ հենց բարեգործություն անելու համար եկած մարդկանց, ինչը կարեւոր է ու հաճելի։



Ինչ վերաբերում է խոշոր կազմակերպություններին կամ գործարարներին նույնպես այս բարեգործական նախագծում ներգրավելուն, ապա կենտրոնը դիմել է Հայաստանում գործող բոլոր հեռախոսային օպերատորներին, բայց մի քանիսն անարձագանք են թողել, մեկից էլ ստացել են մերժողական պատասխան։ «Եթե ամեն մի ընկերություն փորձի այդ բալիկների համար գնել րոպեներ, արդյունքները շատ ավելի շոշափելի կլինեն»,-ասում է Արեւիկ Համբարձումյանն ու հավելում, որ գումարը հավաքվում է ոչ միայն համերգներից, «Լոֆթի» այցելուները փորձում են նաեւ բարության րոպեներ գնել. «Այսինքն՝ այն րոպեները, որ նրանք գնում են «Լոֆթում» անցկացնելու համար, կես ժամ կամ մի ժամ ավել գնում են բալիկների համար եւ այդպիսով նվիրում բարության րոպե»։