Անկարան՝ ահաբեկչության կենտրոն

Անկարան՝ ահաբեկչության կենտրոն

Վերջին ամիսների ընթացքում Թուրքիայի մայրաքաղաք Անկարան դառնում է ակաբեկչությունների լրջագույն կենտրոն։ 



Մարտի 13-ին Քըզըլայ շրջանի կանգառում տեղի ունեցած ուժգին պայթյունի արդյունքում զոհվել է 37 մարդ, միջին եւ ծանր մարմնական վնասվածքներ են ստացել 125-ը։ Կես տարվա մեջ սա արդեն երրորդ դեպքն է։ 2015 թվականի հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվեցին 109 քաղաքացիներ: 2016 թվականի փետրվարի 17-ին հնչեց հաջորդ պայթյունը՝ խլելով 29 մարդկային կյանք:



Որոշ վելուծաբանների կարծիքով, մարտի 13-ի ահաբեկչությունից թուրքական զանգվածային լրատվամիջոցները Facebook-ում եւ Twitter-ում բավականին պասիվ են եղել եւ համահավաք տեղեկություններ ու մեկնաբանություններ չեն հղել։ Ինչ-որ առումով սա նաեւ թուրքական իշխանությունների կողմից պաշտոնական հրահանգ է, իբր թե ավելորդություններ, տեղեկատվական թյուրիմացություններ նախականխելու ծրագիր:



Ըստ թուրքական Sözcü թերթի, ահաբեկչությունն իրականացրել է Բալըքեսիր համալսարանի ուսանողուհի Սեհեր Չաղլա Դեմիրը, որը ծնվել է Կարս քաղաքում եւ ժամանակին իր համախոհների հետ մեղադրվել է Քուրդիստանի բանվորական կուսակցությանն անդամակցելու եւ կուսակցության գաղափարները քարոզելու, տարածելու մեջ: Պայթյունից երկու օր առաջ Անկարայում ԱՄՆ դեպանատունը հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին զգուշացրել է իր քաղաքացիներին։ The Guardian-ը հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը պայթյունների առնչությամբ ասել է.



«Թուրք ժողովուրդը չպետք է անհանգստանա: Մեր պայքարն ահաբեկչության դեմ ավարտվելու է հաջողությամբ, եւ ահաբեկչությունը հանձնվելու է»:
Ազգայնական շարժման կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բախչելին հայտարարել է.
«Ոչ մի ահաբեկչական գործողություն չի կարող ծնկի բերել Թուրքիային»։
ԶԼՄ-ների ներկայացուցիչներից Էնի Շաֆակի մեկնաբանությունը՝ «Ցավալի է տեսնել այս ամենը, սակայն գոնե որոշ ժամանակ մենք պիտի սովորենք ապրել ահաբեկչության հետ», զայրույթի ու քննադատության ալիք է բարձրացրել:



Շատերի կարծիքով, Թուրքիայի համար այս ողբերգական օրերին պետք է հնարավորինս զսպվածություն եւ խոհեմություն ցուցաբերել, քանի որ յուրաքանչյուր անզգույշ խոսքից, գրառումից ու մեկնաբանումից շահագրգիռ կողմերը կարող են իրենց օգտին քաղաքական դիվիդենտներ հավաքել: Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությանը միանգամից արձագանքեց համաշխարհային հանրույթը՝ խիստ դատապարտելով կազմակերպիչներին եւ նրանց սատարող ուժերին: Այնուհանդերձ, ահաբեկչության թիրախ դարձած Անկարայում լարվածությունը գագաթնակետին է հասել, իսկ Թուրքիան իրապես հավակնում է լինել տարածաշրջանի ամենաանկայուն պետություններից մեկը: