Թշնամին էլի պոզերը տնկել ա․ Ստեփանակերտում մի խումբ կամավորներ պատրաստ են մեկնել դիրքեր (լուսանկարներ)

Թշնամին էլի պոզերը տնկել ա․ Ստեփանակերտում մի խումբ կամավորներ պատրաստ են մեկնել դիրքեր (լուսանկարներ)

Մեր թղթակիցը հաղորդում է Ստեփանակերտից



Այս պահին Ստեփանակերտի Ազատամարտիկների միության շենքի դիմաց հավաքվել են մեծ թվով կամավորներ, ազատամարտիկների միության անդամներ, ովքեր պատրաստ են ցանկացած պահի մեկնել դիրքեր։



Hraparak.am-ը զրուցեց նրանցից մի քանիսի հետ։ Նրանք բոլորն էլ ասացին, որ իրենք միշտ պատրաստ են ցանկացած անհրաժեշտ պահի մեկնել առաջնագիծ, և սա առաջին անգամը չէ, որ նրանք հավաքվում են։



Ստեփանակերտի Ազատամարտիկների միության երրորդ համայնքի նախագահն ասաց, որ իրենք հիմա հրամանի են սպասում, որ մեկնեն դիրքեր։ Ներկաները բոլորն էլ պատերազմի բովով անցած, մարտունակ տղամարդիկ են, մեջները կան նաև երիտասարդներ։ Նա նաև ասաց, որ նախկինում էլի է եղել նման դեպք, երբ լարված իրավիճակում նրանք մեկնել են դիրքեր՝ զինվորներին օգնության, մասնավորապես 2014-ի օգոստոսյան դեպքերի ժամանակ։ Ազատամարտիկների միության աշխատակից Ալվարո Շեկյանը ցուցակը ձեռքը գրանցում էր, թե ովքեր են ներկա, քանի հոգի է պատրաստ մեկնելու դիրքեր։



Մեր հարցին՝ արդեն որոշում կա՞, որ պետք է մեկնեն, ասաց, որ ոչ, այս պահին ներկայացնում են ուղղակի կամավոր առաջնագիծ մեկնելու պատրաստ անձանց ցուցակը։
Նա նաև ասաց, որ վերջին շրջանում, մասնավորապես` անցյալ տարվա սեպտեմբերին, իրենք Տավուշի մարզի հատվածում են առաջնագիծ մեկնել՝ Չինարի գյուղում։



Մեկ այլ ազատամարտիկ էլ ասաց, որ «թշնամին էլի պոզերը տնկել ա, պետք ա մի երկու անգամ թշնամուն մի լավ ծեծես, որ տեղները նստեն»։ Ըստ նրա՝ գարուն է, ակտիվացել են, բայց իրենք պատրաստ են ամեն պահի մեկնել դիրքեր ու դաս տալ հակառկորդին։
Այս պահին նրանք սպասում են հրամանի, որ եթե անհրաժեշտորթյւոն լինի, անմիջապես մեկնեն։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ