Մենք կարող ենք ու պարտավոր ենք այդ դիրքերը հետ վերցնել

Մենք կարող ենք ու պարտավոր ենք այդ դիրքերը հետ վերցնել

Հարցազրույց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանի հետ



- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներն օրեր առաջ այցելեցին Արցախ ու Երեւան, Ձեզ հայտնի՞ է, թե ինչ առաջարկներ են նրանք հնչեցրել, եւ հնարավո՞ր է հիմա խնդիրը համապարփակ լուծում ստանա։



- Հանգուցալուծումը, իմ կարծիքով, պիտի լինի այն, որ մենք կարողանանք հետ վերցնել մեր կորցրած դիրքերը, որովհետեւ դա Արցախի ժողովրդի, բանակի, ազգի, բոլորիս պահանջն է, դա է լինելու մեր անվտանգության թիվ մեկ երաշխիքը։ Դա պետք է դաս լինի հակառակորդին, որ հաջորդ անգամ, եթե ինքը նման ոտնձգություն կատարի մեր խաղաղ բնակչության, երեխաների, բանակի վրա, կստանա համարժեք պատասխան։ Իսկ եթե դա չանենք, շատ դժվար կլինի։



- Իսկ հիմա քանի՞ հենակետ ունենք կորցրած։



- Ես կարող եմ ասել, որ իրենք առաջ են եկել 200-250 մետր, տեղ կա՝ 500, բայց կապ չունի, խնդիրը տարածքային առումով էլ չէ, այլ այն է, որ պետք է ջախջախվի Ադրբեջանի գլուխը, որովհետեւ ապրիլի 2-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց ծանր հրետանիով, ռազմատեխնիկայով՝ կիրառելով մարդկության դեմ անթույլատրելի զենքեր։ Սանձազերծած պատերազմին զոհ դարձավ դպրոցական երեխա, քաղաքացիական մարդիկ զոհվեցին, մտան ու մարդկանց խոշտանգեցին իրենց տներում։ Այս պարագայում մեր անվտանգությունը երաշխավորելու համար պետք է նրանց արժանի պատասխան տալ, հետ վերցնել մեր դիրքերը, մի բան էլ ավել, այնքան, որ Թալիշ գյուղի վրա ոչ միայն փոքր զենքերից հնարավոր չլինի գնդակոծել, այլ հեռահար հարվածներով։ Ինչ վերաբերում է համանախագահների այցին, ապա նրանք ամեն անգամ ինչ-որ բան են առաջարկում, որոնք նորից բերում են կռվախնձորի։ Նրանք՝ այո, կարող են հարց լուծել, բայց կարծում եմ, որ հիմա նրանց առաջարկները պետք է վերանայվեն։



- Ինչպե՞ս պետք է վերանայվեն սեղանին դրված Մադրիդյան սկզբունքները։



- Նախ պետք է մեր համաձայնությունն ստանան, նրանք պետք է իմանան, թե մենք ինչի ենք ընդունակ։



- Հիմա այդ սկզբունքներն ընդունելի՞ են, թե՞ ոչ։



- Մադրիդյան սկզբունքները մեզ համար ընդունելի են, բայց Ադրբեջանը չի ընդունում։ Դրա համար մեր անվտանգության երաշխիքը ԵԱՀԿ միջնորդների առաջարկը չէ, մեր բանակն է, որը պետք է հզորացնել զինտեխնիկայով եւ ամեն ինչով։



- Քառօրյա պատերազմից հետո արձանագրված իրավիճակը մեզ թո՞ւյլ է տալիս ռազմական գործողություններն իբրեւ ճանապարհ տեսնել՝ ունենք կորցրած դիրքեր, պարզ դարձավ, որ ադրբեջանական նորացված բանակի դեմ 80-ականների զենքով ենք կռվում, մեր ամեն զոհը նրանց հազարների հետ համեմատելի չէ։



- Հարձակումն անակնկալ էր, այո, այդ պատճառով էլ մենք կորուստներ ունեցանք, այո, իրենք զինտեխնիկայի առավելություն ունեն, բայց մենք պետք է օգտվենք մեր առավելություններից, իսկ մենք հաստատ այդ առավելությունն ունենք։



- Ո՞րն է մեր առավելությունը։



- Ես զինվորական պարտականություն եմ նաեւ կատարում ու չեմ կարող մանրամասնել, բայց վստահեցնում եմ, որ ունենք առավելություն։



- Պարոն Բադասյան, ասում եք, որ պետք է հետ վերցնենք տարածքները, այսինքն՝ մենք գրոհի՞ ենք պատրաստվում։



- Ես ասում եմ, որ մենք կարող ենք ու պարտավոր ենք այդ դիրքերը հետ վերցնել։ Ելքն այդ դիրքերը հետ վերցնելն է, իսկ դրա համար որոշում է հարկավոր, որը պետք է կայացվի նախարարության կողմից։ Կա՞ նման որոշում, թե ոչ, ես չեմ կարող ասել, բայց, իմ կարծիքով, դա անհրաժեշտ է։



- Այսինքն՝ բանակցային գործընթացից ակնկալիքները մեծ չե՞ն։



- Այո, իհարկե, պետք է մենք որոշենք, պետք է ԼՂ-ն դառնա բանակցային գործընթացի մասնակից։ Արցախի հարցը լուծվելու է միայն այն դեպքում, երբ Ղարաբաղը դառնա բանակցային կողմ։ Դա ոչ միայն բարոյական, այլեւ իրավական պահանջ է։ ՀՀ-ն պետք է միայն երաշխավոր լինի։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ