Հրատապը հրադադարն է, ոչ թե փաստաթուղթը

Հրատապը հրադադարն է, ոչ թե փաստաթուղթը

ԼՂ արտաքին հարաբերությունների արտաքին հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արզիկ Մխիթարյանի հետ փորձեցինք զրուցել բանակցային գործընթացի, մասնավորապես՝ Մադրիդյան եւ Կազանյան փաստաթղթերի մասին, թե ինչ փաստաթուղթ է հիմա բանակցային սեղանին, ինչ դրույթներ է այն պարունակում։ Նա նախ տեղեկացրեց, որ ԼՂ-ին որեւէ փաստաթղթի մասին չեն տեղեկացրել, Արցախում էլ լրատվամիջոցներից են իմացել, որ բանակցային սեղանին Կազանյան փաստաթուղթն է։



«Իհարկե, որեւէ փաստաթուղթ մեզ համար շահեկան չէ, այլապես մինչեւ հիմա որեւէ մեկը կդրվեր լայն քննարկման։ Ճիշտ է՝ Կազանյան փաստաթուղթն Ադրբեջանի կողմից պաշտոնապես չի ընդունվել, բայց մեր կողմից էլ այն ընդունելի չի եղել։ Որովհետեւ, եթե սկզբունքներում առաջարկվում է փաթեթային լուծում, մյուս փաստաթղթերի մեջ դրվում է փուլային լուծման հարցը՝ խաղաղապահների տեղակայում եւ այլն, նոր միայն Արցախի կարգավիճակի հարցի քննարկում, որը մեզ համար մինչ օրս եւ այսօր էլ ընդունելի չէ»։ Արցախի պատգամավորի կարծիքով, այսօր բարենպաստ պայմաններ չկան բանակցությունների համար. «Իբր հրադադարի բանավոր համաձայնություն է եղել, բայց մենք դեռ պատերազմական իրավիճակի մեջ ենք, ադրբեջանական կողմը շարունակում է հրթիռակոծել մեր սահմանները, ի՞նչ բանակցությունների մասին կարող է լինել խոսքը, նաեւ այսօր դրված է Արցախի՝ բանակցություններին ներգրավվելու հարցը, որը դեռեւս չի քննարկվել, չի ընդունվել, նշանակում է՝ այսօր իրատեսական չէ բանակցությունների մասին խոսելը»։ Մխիթարյանի խոսքով, առաջնային խնդիր է 94-95-ի հրադադարի պայմանավորվածության վերականգնումը։ Քառօրյա պատերազմից ու դրա հետեւանքներից հետո հայկական կողմի համար պատերազմն արդյո՞ք լավագույն ճանապարհն է։ Մխիթարյանը պատասխանում է, որ Ադրբեջանը նախեւառաջ պատրաստ չէ բանակցություններին. «Փաստ է, որ առայժմ մենք պատերազմական վիճակում ենք գտնվում ու պետք է առաջնային խնդիր դնենք բանակի սպառազինության, ինչպես նաեւ հրադադարի վերականգնման, որն ավելի անհրաժեշտ է, քան որեւէ մեկ այլ փաստաթղթի մասին խոսելը»։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ