2-ամյա Անիի հետազոտությունների համար անհրաժեշտ գումարը հավաքված է. մեր հրապարակման արձագանքը

2-ամյա Անիի հետազոտությունների համար անհրաժեշտ գումարը հավաքված է. մեր հրապարակման արձագանքը

Ստեփանավան քաղաքի բնակչուհի, 2 տարեկան Անիի վիրահատության համար անհրաժեշտ  հետազոտությունների համար պահանջվող գումարն արդեն հավաքված է:



Հիշեցնենք, որ hraparak.am-ի թղթակցին էր դիմել Անիի հայրը՝ Սամվել Կոծինյանը՝ հայտնելով, որ փոքրիկն ունի վահանաձև գեղձի ուռուցք, որը մի անգամ արդեն վիրահատել են, սակայն երկրորդ վիրահատության անհրաժեշտություն էլ կա, ինչի համար անհրաժեշտ են որոշակի հետազոտություններ, որոնց ընդհանուր արժեք հանդիսացող 100 հազար դրամ գումարն իրենք չունեն, ինչի պատճառով փոքրիկի վիճակը գնալով օրեցօր ավելի է վատանում: Հրապարակումից րոպեներ անց արդեն փոքրիկին օգնելու պատրաստակամություն հայտնեցին մի շարք քաղաքացիներ, որոնք խոստացան այսօր արդեն ընտանիքին փոխանցել անհրաժեշտ գումարը: Նյութի հրապարակման առաջին պահից օգնության խոստում տվեցին նաև երկու  հայտնի պաշտոնյաներ, ովքեր սակայն մի պայման դրեցին մեր առաջ՝ չհրապարակել իրենց անունը, իսկ այդ խնդրանքը մենք պարտավոր ենք կատարել:



Անիի հայրն այսօր Ստեփանավանից մեկնել է Երևան, Նշված մարդիկ փոխանցել են անհրաժեշտ գումարն ու ավելին, քան պահանջվում էր՝ խոստանալով անհրաժեշտության դեպքում կրկին օգնել: Շարքային քաղաքացիներից ևս օգնել են՝ իրենց հնարավորթյան սահմաններում:



Հրապարակմանն արձագանքել են նաև առողջապահության նախարարությունից, որտեղից մեզ գրավոր հայտնել են հետևյալը. «ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության մասնագետներն անմիջապես կապ հաստատեցինք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի հետ:
Բժշկական այս կենտրոնում հունվարին երեխան վահանաձև գեղձի ուռուցքի բարդ վիրահատություն էր տարել: Այս ընթացքում նա անցել է բոլոր անհրաժեշտ հետազոտությունները: Բուժման հաջորդ փուլը` երկրորդ վիրահատությունը նախանշված է մայիսին: Մյուս բոլոր հետազոտությունները, ինչպես նաև վիրահատությունը ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ նույնպես կկատարվեն անվճար: Մեր մասնագետները մշտական կապի մեջ են փոքրիկի ծնողների հետ և առողջական վիճակի վերաբերյալ ցանկացած հարց ուշադրության կենտրոնում է», -ասված է մեզ տրված հաղրդագրության մեջ:



Սամվել Կոծինյանը իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր իմանալով փոքրիկի առողջական խնդիրների մասին՝ թիկունք կանգնեցին ու փոխանցեցին անհրաժեշտ գումարը. «Ես առաջին հերթին շնորհակալ եմ հրապարակ թերթին, որ բարձրաձայնեց մեր խնդիրը ու հետամուտ եղավ, որ գտնվեն բարի մարդիկ ու օգնեն իմ աղջկան»,-մեզ հետ զրույցում ասաց Անիի հայրը՝ Սամվել Կոծինյանը:



Արդեն վաղվանից Սամվելն ու ընտանիքը կզբաղվեն փոքրիկի հետազոտություններով: Մենք բոլորս վստահ ենք, որ Անին հնարավորինս շուտ է ապաքինվելու, իսկ առողջական խնդիրները մնալու են անցյալում:



Hraparak.am-ը ևս շնորհակալ է ընթերցողներին ու բոլոր նրանց, ովքեր խոստացան ու օգնեցին փոքրիկին:



Այս անգամ ևս, ինչպես մեր նախորդ նմանատիպ հրապարակումները, անարձագանք չմնաց: Մենք շարունակելու ենք մեր գրիչն օգտագործել՝ փրկելով նորանոր կյանքեր ու օգնել դժվարին իրավիճակներում հայտնված անձանց:



Էդվարդ Արզումանյան