Մամուլի ազգային ակումբը պահանջում է պատժել օրինազանցներին եւ կարգի հրավիրել անվանարկողներին

Մամուլի ազգային ակումբը պահանջում է պատժել օրինազանցներին եւ կարգի հրավիրել անվանարկողներին

Մամուլի ազգային ակումբը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով լրագրողների նկատմամբ վերջին շրջանում իրականացված բռնության դեպքերին: Դրանում, մասնավորապես, ասվում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հայաստանյան լրատվամիջոցները հանդես բերեցին մասնագիտական գործունեության բարձր որակներ՝ երկրի համար արտակարգ իրավիճակում լրագրողական բարդ եւ բացառիկ աշխատանք իրականացնելով։ Մինչդեռ նույն կերպ չդրսեւորվեցին իշխանությունները. տարբեր ոլորտների եւ տարբեր մակարդակի պետական պաշտոնյաները, հավատարիմ մնալով լրագրողների նկատմամբ բռնություններ իրականացնելու եւ նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու մերժելի գործելակերպին, Հայաստանի համար բարդ եւ արտակարգ իրավիճակում շարունակեցին նույն ավանդույթներն ու բարքերը։



Ապրիլին 15-ին ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի 8-րդ նիստը լուսաբանող NEWS.am-ի թղթակցի ձեռքը վնասելով՝ ՀՀ ՊՆ երեք աշխատակիցներ խլել են նրա տեսախցիկը։



Ապրիլի 22-ին ոստիկանները դեպի նախագահական նստավայր երթի ժամանակ, ցուցարարների սահմանադրական իրավունքները կոպտորեն ոտնահարելուն զուգահեռ, ծեծի եւ բռնի ուժով բերման են ենթարկել «Առաջին լրատվականի» օպերատորներ Նարեկ Բարսեղյանին եւ Սեւակ Սողոմոնյանին՝ խափանելով նրանց մասնագիտական գործունեությունը։



Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում սգո երթի ժամանակ ՀՀ ոստիկանապետը վիրավորական արտահայտություն է արել իրեն հարց ուղղող «Առաջին լրատվականի» լրագրող Սիրանույշ Պապյանին:



Մամուլի ազգային ակումբը, արձանագրելով, որ



- լրագրողների նկատմամբ բռնությունները եւ նրանց հասցեին վիրավորական արտահայտությունները կրում են շարունակական եւ անպատիժ բնույթ,



- պատգամավորները եւ բարձրաստիճան պաշտոնյաները լրագրողներին անվանարկերով ու վիրավորելով՝ երկրում ստեղծում են անհանդուրժողականության մթնոլորտ:



Մամուլի ազգային ակումբը, խստորեն դատապարտելով նման գործելակերպը,



- պահանջում է պատժել օրինազանցներին եւ կարգի հրավիրել անվանարկողներին:



Մամուլի ազգային ակումբը կոչ է անում բարձրաստիճան պաշտոնյաներին չխոչընդոտել լրագրողների մասնագիտական գործունեությունը եւ օրինապահ ու բարեկիրթ լինել նրանց հետ հարաբերություններում»: