Հ1-ի հաղորդակը վերականգնվել է

Հ1-ի հաղորդակը վերականգնվել է

Հանրային հեռուստաընկերության հաղորդակի անսարքությունը վերացվել է, և Հ1-ն արդեն «վերադարձել» է իր տեղը՝ նույն հաճախականություն։ Իսկ ռուսական ОРТ հեռուստաընկերությունը կրկին տեսանելի է իր հեռուստալսարանի համար։ Այս մասին «Հրապարակին» հայտնեց «Հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը։ «Արդեն ամեն մեկն իր տեղում է, վերականգնված է նախկին վիճակը», - ասաց նա։



Հիշեցնենք, որ անալոգային համակարգով, այսինքն՝ հին հեռուստացույցներով եթերին հետևող հեռուստադիտողները չէին կարողանում ռուսական ОРТ-ն դիտել, քանի որ վթարվել էր Հ1-ի հաղորդիչը, ինչի հետևանքով դրա զբաղեցրած հաճախականության օգտագործումը խափանվել էր, և «Հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ձեռնարկության ղեկավարությունը այն տեղափոխել էր ОРТ-ի հաճախականություն։ «Տեխնիկական խնդիր էր առաջացել Հ1- հաղորդակի հետ։ Քանի որ Հ1-ն այս իրավիճակում չէր կարող բացակայել եթերից, ժամանակավորապես ОРТ-ի հաղորդակով եթեր դուրս եկավ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, և հիմա արդեն վերականգնված է։ Շաբաթ-կիրակի մասնագետները աշխատեցին, և արագ վերացրեցին անսարքությունը»։



Հարցին, թե արդյոք ОРТ-ի հետ պայմանագրային պարտականությունները չեն խախտվում, Ամալյանը պատասխանեց, որ նման դեպքերում, եթե հայց լինում է, փոխհատուցում են կրած վնասները․ «Բայց կարծում եմ, որ հայց չի լինի, որովհետև հասկանալի իրավիճակ է, արտակարգ դեպք է եղել»։



Սյուզան Սիմոնյան