ՏՏ մասնագետները մեկ անգամ էլ հավատացին Սեյրան Օհանյանին

ՏՏ մասնագետները մեկ անգամ էլ հավատացին Սեյրան Օհանյանին

Ապրիլի 28-ին ՏՏ մասնագետները հանդիպեցին պաշտպանության նախարարի հետ, եւ այս հանդիպումը, կարծես, կոտրեց անվստահության սառույցը, որն առաջացել էր մեր ինֆորմացիոն տեխնոլոգների եւ ՊՆ-ի միջեւ։ Մասնագետները կրկին հույս ունեցան, որ այս անգամ գուցե համագործակցությունը պետության հետ կկայանա, եւ ՊՆ-ն ընթացք կտա տեղեկատվական տեխնոլոգների առաջարկներին։ Բարձր տեխնոլոգիաների հայկական ներուժը ռազմարդյունաբերությանն ի սպաս դնելու մասին միշտ է խոսվում։



Ժամանակին հանձնաժողով էր ստեղծվել ՊՆ այժմ արդեն պաշտոնաթող փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանի ղեկավարմամբ, որը չաշխատեց։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը քառօրյա պատերազմից հետո մեղադրեց ՊՆ որոշ պաշտոնյաների եւ Միրզաբեկյանին անվանական դավաճանության եւ բանակի շահերին վնասելու մեջ։ Կարեն Վարդանյանը հայտարարեց, որ ՊՆ չինովնիկները դիտավորյալ թաքցնում են կարեւոր ինֆորմացիան «վերեւներից» եւ խոչընդոտում են համագործակցությանը։



Նա հայտարարեց, որ Սեյրան Օհանյանի հետ քննարկում է եղել այն սարքերի մշակման մասին, որոնց ակտուալությունն ի հայտ եկավ քառօրյա պատերազմի օրերին՝ թվային անտենաների, ինքնակառավարվող անօդաչու սարքերի, ռոբոտացված համակարգերի եւ այլն, որ արդեն պատրաստվել էին մի քանի պրոյեկտների տեխնիկական հանձնարարականներ, բայց աշխատանքը միտումնավոր «ջրվեց»։



- Հիմա Ալիկ Միրզաբեկյանն ու մյուսները չկան, ինչ-որ բան փոխվե՞լ է։



- Իմ ասելիքը ճիշտ դուրս եկավ, որովհետեւ իմ ասած փոփոխությունները ՊՆ-ում եղան, եւ ես ավելացնելու բան չունեմ, ըստ էության, ճիշտ էի։ Հիմա նախնական դրական վերաբերմունք կա, իրական փոփոխություն կա, թե չէ, կերեւա աշխատանքի մեջ, այսինքն՝ մենք որոշակի ժամանակ հանդիպել ենք նախարարի հետ, պայմանավորվել ենք որոշակի հրամանների մասին, որոնք կհեշտացնեն աշխատանքը, հիմա աշխատանքը կսկսվի, եւ դրա արդյունքում որոշակի ժամանակ անց մենք նոր կկարողանանք գնահատական տալ։



- Պետությունը պատրա՞ստ է սրան լուրջ վերաբերվել եւ ֆինանսավորել։



- Համապատասխան հրաման է արձակվելու։ Որոշակի ժամանակ պետք է անցնի, որ մենք կարողանանք գնահատել՝ համագործակցությունն արդյունավե՞տ է, թե՞ ոչ, այլ ֆորմատներ պե՞տք են, թե՞ ոչ։ Դրա համար հիմա գնահատականներ տալ չեմ կարող։



- Բայց դուք չգիտե՞ք, հիմա եթե դուք նոր մշակումներ անեք, ՊՆ-ն կֆինանսավորի՞։



- Միայն ֆինանսավորելը չէ։ Խոսքն աշխատանքների ընդհանուր կոմպլեքսի մասին է, որի մեջ մտնում է եւ մասնագետների պատվերի ձեւավորումը, եւ մասնագիտական որոշ լուծումների տրամադրումն է, ընդհանուր համագործակցությունն է զինուժի տարբեր վարչությունների հետ։ Սա խնդիրների համալիր է, եւ մինչեւ չաշխատենք, չեմ կարող պատասխանել՝ ստացվո՞ւմ է այս անգամ համատեղ աշխատանքը, թե՞ ոչ։



- Օրինակ, եթե ձեզ ցույց տան ռազմարդյունաբերական մի նորույթ, թեկուզ այլ երկրում արտադրված, դուք կկարողանա՞ք նույնն արտադրել։ Եվ ի՞նչ ժամկետների մասին է խոսքը։



- Դե տեսեք, վեց սեկցիա ենք ստեղծել, վեց ուղղություններ, որի շուրջ տեխնոլոգիական ոլորտը կոնսոլիդացել է։ Այսինքն՝ մասնագիտական խմբեր է կազմել հետեւյալ ուղղություններով՝ անօդաչու թռչող սարքերի հայտնաբերում եւ չեզոքացում, զորամիավորումների ավտոմատ ղեկավարման համակարգերի ներդրում, հարձակվողական զինատեսակների ստեղծում, գաղտնագրված կապի միջոցներ եւ ինֆորմացիոն պատերազմ։ Այս խմբերը կամավորական սկզբունքով են ստեղծվում։ Սրա մասին մենք հայտարարել ենք եւ հիմա աշխատում ենք։ Կարծում եմ՝ շուտով, մեկ ամսվա ընթացքում ինչ-որ արդյունքներ կլինեն, որոնք կարող ենք զեկուցել։



- Այսինքն՝ եթե մեկ ամսվա ընթացքում տեսանելի է դառնալու, նշանակում է՝ էլի՞ էնտուզիազմով եք աշխատելու։



- Մենք մեր կամքով ենք աշխատում, հիմա էնտուզիազմով է, թե արաղ ենք խմում, նոր ենք աշխատում, դա մեր գործն է։



- Ուղղակի շատ սեղմ ժամկետ եք նշում՝ մեկ ամիս։



- Հիմա պարզ է, որ ստրատեգիական լուծումներ սեղմ ժամկետում հնարավոր չէ անել։ Խնդիրները տարբեր են։ Կան այնպիսիք, որոնք ենթադրում են եղած մեր զինատեսակների մոդեռնիզացիա, կամ էլ գնումների ձեւով պետք է արագ լուծել։ Մյուս կողմից՝ կան ստրատեգիական խնդիրներ, որոնք դեռ պետք է պետության հետ քննարկել։



- Հիմա գո՞հ եք ՊՆ-ի հետ համագործակցության այս փուլից։



- Ի՞նչ թվանշաններով գնահատեմ, մեկից տա՞սը։ Ճանապարհ է, ընկել ենք այդ ճանապարհին։ Եթե կարողացանք արդյունքներ ստանալ՝ կասենք, չենք կարողանա՝ չենք ստանա։ Իհարկե, գոհունակություն կա։ Նախ, որովհետեւ սկսվեցին կադրային փոփոխություններ։ Հուսով ենք, որ դրանք կշարունակվեն։ Երկրորդը՝ վերսկսվեց համագործակցությունը, եւ հուսով եմ, որ այն կշարունակվի։



- Պաշտպանության նախարարի հետ հանդիպումից հետո Դուք հայտարարեցիք, որ չգիտեք, թե որն է մեր նպատակը՝ հաղթե՞լ, նահանջե՞լ, թե պարտվե՞լ։ Սա կապ ունի՞ ձեր մշակումների բովանդակության հետ։



- Իհարկե։ Եթե մենք հարձակվողական զենք ենք կուտակում, սա մի նպատակ է ենթադրում։ Մյուս մոտեցումները՝ այլ նպատակներ։



- Իսկ ձեզ համար հստակեցրե՞լ են նպատակները Պնախարարի հետ հանդիպման ժամանակ։



- Հիմա մենք մեր խելքով ենք աշխատում, բայց ուզում ենք, որ քաղաքական հստակեցում լինի, որ ասեն, թե կոնկրետ ինչի շուրջ ենք մոբիլիզացվում։



- Մինչեւ կադրային փոփոխությունները բանակում, Դուք ասացիք նաեւ, որ առաջարկներ եք արել, որոնք վիժեցվել են։ Իսկ ՊՆ խոսնակն ի պատասխան հայտարարեց, որ ոչ մի առաջարկներ էլ չեն ստացել Ձեզանից։ Հիմա ո՞րն է ճիշտ։



- Ես չեմ ուզում դրան վերադառնալ։ Հիմա պայմանագիրը ՏՏ ոլորտի եւ բանակի մեջ բարենորոգել ենք, դա անցել է արդեն։



- Դուք որեւէ փաստաթուղթ ՊՆ-ի հետ ստորագրե՞լ եք, համաձայնագիր, օֆիցիալ պայմանագիր։



- Առայժմ նախապատրաստվում է հրաման, դրանից հետո, երբ որ դա ստորագրվի, կլինեն օֆիցիալ գործողություներ։



ՀԳ․ Ամեն ինչ չէ, որ փետրվարի 28-ի հանդիպման մասնակիցները կարող են բացահայտել, քանի որ թեման փակ է՝ նոր զենքի ու զինատեսակների ստեղծում, ռազմարդյունաբերության կարիքներ, ՏՏ հայկական ներուժի հնարավորություններն այս համատեքստում եւ այլն, եւ մեր զրույցն Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրենի հետ թույլատրելիի սահմանից դուրս չեկավ։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ