Թող նախ դաշնակցականների ասած թմրամոլ նախարարներին հայտնաբերեն. տաքսու վարորդները բողոքում են

Թող նախ դաշնակցականների ասած թմրամոլ նախարարներին հայտնաբերեն. տաքսու վարորդները բողոքում են

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» շենքի դիմաց հավաքվել են մի խումբ տաքսու վարորդներ, բողոքի առիթը նույնն է, պահանջները՝ անփոփոխ: Կառավարության շենքի մոտ ակցիա չեն իրականացնում, քանի որ երկրում պատերազմական իրավիճակ է, բայց խնդիրներն էլ պատերազմական իրավիճակին չեն նայում:



«Մենք միշտ բարձրացրել ենք մեր ձայնը լիցենզավորման հետ կապված, որը մենք դեմ ենք: Եվ մենք առաջարկում ենք արդեն մի տարի՝ ավելի լավ է 50 հազարի փոխարեն 6 հազարով կտրոններ առնեն քշեն, դա կլինի պետության համար մոտ 250-300 միլիոն դրամ օգուտ, քան 4-5 հազար մարդ լիցենզավորվի, նրանց 3 հազարից ավելն արդեն պարտքերի մեջ են, չեն վճարում, այսինքն՝ 1000-1500 մարդ է վճարում, չեմ հասկանում, պետությունն իր օգո՞ւտն էլ չի կարողանում հասկանալ: Մեր ՀԿ-ի նախագահը եղել է վարչապետի մոտ, խոսել են, մենք հիմա չենք ուզում ակցիաներ կազմակերպել, քանի որ ընդհանուր հանրապետությունում վիճակը սրված է, պատերազմական վիճակ է, հանդարտվի և այդ հարցերին վերջապես պետք է լուծում տան».- նշում է «Հայաստանի ուղևորափոխադրումների կազմակերպում» ՀԿ նախագահ Պողոս Օղլուկյանն ու հիշեցնում, որ տարիներ առաջ ՀՅԴ կուսակցության անդամները խոսել են թմրամոլ նախարարների մասին, պահանջել, որպեսզի նախ հենց այդ պաշտոնյաների մեջ փնտրեն թմրամոլներին, նոր՝ տաքսու վարորդների մեջ. «Միայն խոսում են թմրամոլներից և հոգեկան հիվանդներից, բայց դաշնակցականները դեռ 5 տարի առաջ ասում էին թմրամոլ նախարարներ կան, ճիշտը նրանց բացահայտելն է՝ թմրամոլ նախարարներին, հետո նոր գալ ոլորտ, տեսնել քանի տաքսիստ կա հոգեկան հիվանդ և թմրամոլ: Դա եմ կոչ անում, առաջնահերթ բացահայտել դաշնակցականների հայտարարության հիման վրա թմրամոլ նախարարներին, ովքեր ե՞ն նրանք: Եվ վերջապես ոչ մեկ իմ հարցին չի կարողանում պատասխանել, ո՞ր մաթեմատիկոսն է գտել, որ օրը 2-3 հազար դրամ փող տուն տանող վարորդից, 50 հազար մի նկարելու համար կարելի է վերցնել: Ամբողջ ազգը հարկադիրում է, միլիարդների տուգանքների տակ են, արդեն կոշիկներն են ծախում»:



«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանն էլ այսօր գաղտնիք բացեց, պարզվում է գրեթե տարի ու կես առաջ վերջինս քննարկումներ է ունեցել տարբեր ազատամարտիկների հետ, ապա առաջարկություն արել տաքսու վարորդների տուգանքների գումարներն ուղղել վետերան ազատամարտիկներին. «Հիմա մարդիկ ռազմաճակատում գտնվելով՝ տուգանվում են, չի կարելի: Ես այսօր մի գաղտնիք եմ ուզում ասել, այս լիցենզավորման կարգը, որ պետք է հաստատվեր մեր երկրում, ես քննարկումներ եմ ունեցել գեներալ Մանվել Գրիգորյանի, մյուս թևի ազատամարտիկների հետ՝ «Արաբո» ջոկատի հրամանատարի, Ռուստամի, Ապարանի Ռազմիկի հետ, բոլոր խմբակցությունների հետ, տարի ու կես առաջ, որ տաքսու ոլորտի գումարներն ուղղորդվեն ազատամարտի վետերանների խնդիրներ լուծելու համար: Ես ոչ մի բան չեմ հորինում, դա գիտի նաև պարոն Բեգլարյանը, և քննարկումների ժամանակ Դավիթ Հարությունյանի մոտ դա անվանեցին ռոմանտիկա-երազանք: Բայց մենք այնքան առաջադեմ ենք, որ մենք գիտակցում էինք, որ մեր գումարը միևնույնն է ոլորտը չի կարգավորում»: