Տեսա՞ք, թե ինչպես բոլորը գնացին Լեռնային Ղարաբաղ. Աիդա Սերոբյան

Տեսա՞ք, թե ինչպես բոլորը գնացին Լեռնային Ղարաբաղ. Աիդա Սերոբյան

«Կին ազատամարտիկների միության» նախագահ, ազատամարտիկ, գնդապետ Աիդա Հովսեփյանից Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե ապրիլին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հրահրած ռազմական գործողություններից եւ դրանց նկատմամբ մեր բանակի ու հասարակության ցուցաբերած հակահարվածից հետո ինչ ուղերձ կհղեր ՀՀ իշխանություններին։ Նկատեցինք, թե արդյոք ՊՆ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունը կարող է փոխել մթնոլորտը եւ հանգեցնել փոփոխությունների։



«Ես միայն կարող եմ ասել, որ մենք ունենք շատ լավ Պաշտպանության նախարար՝ Սեյրան Օհանյանը, որը զենքը ձեռքին մարտնչել է մեզ հետ ազատագրական ջոկատներում։ Նա իր մարմնի մասերն է թողել Արցախյան պատերազմում։ Իսկ պաշտոնանկ արված անձինք վարչության պետեր են, նա հո չէր կարող ամեն ինչ իմանալ, իմանալ, թե ով ինչ թղթի տակ է ստորագրել։ Այն պաշտոնյաներին, որոնք իրոք թույլ են տվել չարաշահումներ, պետք է ոչ միայն ազատել, այլեւ՝ դատել եւ բռնագրավել բանակից հափշտակած գումարները»,- ասաց Աիդա Սերոբյանը։



«Իսկ սպասու՞մ եք, որ Հայաստանում կարող է լինել նման բան, եւ մեր իշխանությունները կգնան նման քայլի»,- հետաքրքրվեցինք Աիդա Սերոբյանից։ «Իսկ ի՞նչ անհնարին բան կա այստեղ, ոչ մի անհնարին բան չկա, ուղղակի պետք է կանգնել բանակի կողքին, հատկապես՝ մեծահարուստները, որոնք միլիոններ ու միլիարդներ ունեն։ Թող դրանց որոշ մասը հատկացնեն բանակին, թող գումար փոխանցեն բանակին։ Հիմա առաջվա ավտոմատների պատերազմը չէ, հիմա հրթիռներով, «Սմերչ»-ով, անօդաչու սարքերով են պատերազմում»,-ասաց մեր զրուցակիցը։



«Իսկ ի՞նչ զգացողություն ապրեցիք, որպես պատերազմ անցած կին, երբ մեր երկրի ղեկավարը Բեռլինում հայտարարեց, որ մենք այսօր 80-ականների զենքով ենք կռվում»,- հետաքրքրվեցինք Աիդա Սերոբյանից։«Ես կարող եմ ասել, որ 80-ականների զենքերը վատ զենքեր չեն։ Մենք էլ ունենք լավ զենքեր, ուղղակի ադրբեջանցիները հանկարծակի հարձակվեցին, մենք չհասցրեցինք։ Զինադադար էր, բայց 23 տարի շարունակ այդ կրակոցները եղել են»,- ասաց կին ազատամարտիկը։



«Իսկ, ըստ Ձեզ, բանակին միշտ պատշաճ ուշադրությու՞ն է դարձվել, տրամադրվե՞լ են նրան բավարար միջոցներ»,- հետաքրքրվեցինք Աիդա Սերոբյանից։ «Այդ հարցն ուղղեք պատկան մարիններին, ես շատ փոքր մարդ եմ այդ հարցին պատասխանելու համար։ Գիտեմ, որ մենք ոգով ուժեղ ենք եւ հաղթելու ենք։ Տեսա՞ք, թե ինչպես բոլորը գնացին Լեռնային Ղարաբաղ այն դեպքում, երբ ասում էին՝ չեն գնալու, անցած տարիների ընթացքում ազատամարտիկներին անտեսել են, նրանց հետ վատ են վարվել։ Ես կարծում եմ, որ մեր ղեկավարությունն արդեն սթափվեց եւ ըստ արժանվույն կգնահատի իր զինվորին, իր ազատամարտիկին»,- զրույցը եզարափակեց Աիդա Սերոբյանը։



Թագուհի Հակոբյան