«Անալիտիկի» փայլն ու թշվառությունը

«Անալիտիկի» փայլն ու թշվառությունը

Ինչպես արդեն հաղորդել ենք, այսօր ձերբակալել են «Անալիտիկ» լրատվական կայքի հիմնադիր տնօրեն Անի Հովհաննիսյանին և նրա օգնականին՝ Վարդիթեր Գիշյանին։ Առայժմ նրանց մեղադրանք առաջադրված չէ։ Հարուցված է քրեական գործ Քր․Օր-ի 182-րդ հոդվածով՝ «շորթում»։ Ձերբակալությունն իրականացրել է ՀՀ քննչական կոմիտեն։ «Անալիտիկ» կայքը այս պահին գործում է, սակայն նախկին հասցեից՝ Բուզանդի 1/3, խմբագրությունը հեռացել է։ Ասում են` պարտքեր ուներ վարձակալին։ Կայքում խմբագիր և տնօրեն Անի Հովհաննիսյանի հետ կատարվածի մասին որևէ հրապարակային նյութ կամ լուր տեղադրված չէ։ «Անալիտիկի» աշխատակիցներին ձեռբակալել են այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ կայքում իր անձի, ընտանիքի անդամների դեմ պարբերաբար հրապարակումներ էին արվում։ «Չանդրադառնալու» գինը պատգամավորին հայտնել են Անի Հովհաննիսյանի ներկայացուցչի կողմից, և այն եղել է 300 հազար դրամ։ Գումարը հանձնելու պահին էլ իրավապահները ձեռբակալել են կայքի աշխատակիցներին։ Դա տեղի է ունեցել Նալբանդյան փողոցի սրճարաններից մեկում։



«Անալիտիկը» նաև մամուլի ակումբ ուներ, որտեղ լրագրողների հետ հանդիպման էին գալիս հայտնի քաղաքական գործիչներ։ Նաև ամեն տարի մրցանակաբաշխություն էր կազմակերպում, սակայն տարբեր նոմինացիաներում լավագույնը ճանաչված գործիչները մեծ վերապահումներով էին համապատասխանում ընտրված անվանակարգերին, ինչը կասկածներ էր առաջացնում լրատվամիջոցներում։ Օրինակ, 2014 թվականին «Անալիտիկը» հանրության կողմից ամենասիրված գործիչ ճանաչեց գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, իսկ ամենամտածող պաշտոնյայի տիտղոսը տվեց գլխավոր ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանին։ Լրագրողական շրջանակներում տարածված է, որ հենց Նարեկ Մալյանն է այս կայքի և Անի Հովհաննիսյանի «ոչ պաշտոնական» հովանավորը, ինչը ոստիկանությունից չեն հաստատում։ «Ավելի շատ «Հրապարակ» թերթի հետ կապ ունեմ, քան «Անալիտիկի», - ասաց Նարեկ Մալյանը։ Իսկ «Հրապարակ» թերթի հետ նրա կապը սահմանափակվում է «Անալիտիկի» մրցանակաբաշխության մասին գրված մեր «Նարեկ Մալյանը՝ ամենամտածող պաշտոնյա, կամ՝ «Բարև, ապուշներ» հոդվածով։  



Ի դեպ, Տիգրան Ուրիխանյանը ևս եղել է Անի Հովհաննիսյանի նոմինանտների ցանկում։ Դա այն շրջանն էր, երբ Ուրիխանյանը Ծառուկյանի կուսակցությունում էր, և իր վարկանիշով էականորեն զիջում էր վերջինիս։ Մեր տեղեկություններով, Տիգրան Ուրիխանյանին ծանուցում են ուղարկել, բայց նա չի ներկայանում, որ ցուցմունք տա։ Քիչ առաջ այս մասին գրեց նաև armlur կայքը։ Սա բարդություն է ստեղծել իրավապահների համար, քանի որ Ուրիխանյանը որպես պատգամավոր անձեռնմխելի է, և նրան բերման ենթարկել այս պահին չեն կարող։ Ի դեպ, «Անալիտիկի» հետ կատարվածը մեծ ոգևորությամբ են ընդունել լրագրողական աշխարհում, քանի որ հույս կա, որ այս կերպ մեր դաշտը կսկսի մաքրվել «գրդոնչի» լրագրողներից։ Սակայն մեր գործընկերները նշում են, որ շորթմամբ զբաղվող լրագրողները դաշտում շատ են, և եթե պատժում են, ապա, թող միայն Անիին չպատժեն։



Սյուզան Սիմոնյան